2021-ի ամենամեծ ստերը՝ ըստ ընթերցողների

Անի Գրիգորյան

2021-ին քաղաքական գործիչներն ու պետական մարմինները, հանդես գալով հայտարարություններով ու ելույթներով, հաճախ անում էին իրականությանը չհամապատասխանող և սուտ պնդումներ։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (CivilNet Check) ֆեյսբուքյան էջում առաջարկել է ընթերցողներին մեկնաբանությամբ նշել, թե որն է, ըստ նրանց, տարվա ամենամեծ սուտը։

Գրառումը ստացել է ավելի քան 300 մեկնաբանություն։ Ընթերցողներից շատերը յուրահատուկ կերպով են արձագանքել հարցին՝ նշելով նաև ոչ չափելի պատասխաններ։

Տարվա ստերն՝ ըստ ընթերցողների

Այսպես, որպես սուտ՝ ընթերցողները նշել են խմելու ջրի՝ մինչև 2024-ը չթանկանալու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումը, որը նա տվել էր 2018-ի դեկտեմբերին՝ ընտրություններից առաջ։

Ընթերցողները նշել են նաև Covid 19-ին վերաբերող ապատեղեկատվական թեզերը. «Ասեմ՝ տարվա սուտը համարվում է պատվաստման դեմ ընթացող արշավը։ Թե, իբրև, մարդկանց վակցինացիա են անում, որ չիպավորեն…», «Քովիդը ժամանակավոր է» և այլն։

Որոշները որպես նույնիսկ «դարի սուտ» նշել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի հրապարակում 2019-ի հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ» (իրականում խոսքը պատկանում է ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին)։

Բացի այդ, ընթերցողները հիշեցրել են նախորդ տարի արված այնպիսի հայտարարություններ, ինչպիսիք են՝ «Հաղթելո՛ւ ենք», «Գյանջայի օդանավակայանը հօդս է ցնդել», ինչպես նաև Փաշինյանի հայտարարությունը, թե «Շուշին դժգույն քաղաք էր»:

Ընթերցողները նաև Ռուսաստանի՝ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններն են հիշել՝ որպես սուտ նշելով «ռուսը մեր դաշնակիցն է կամ «փրկիչն է», «ռուսները մեզ կփրկեն», «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի» տարածված թեզերը։ Ստերի շարքերում ընթերցողներից շատերը նշել են նաև իշխանության՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու և «թուրքի հետ բարիդրացիական հարաբերության հնարավորության մասին» հայտարարությունները։

Ընթերցողներից շատերը նշել են, որ այնքան շատ են ստերը, որ դժվարանում են միայն մեկն առանձնացնել․ «էտ որն է ճիշտ եղել, որ հիմա էլ սուտ եք ման գալիս»,- գրել էր ընթերցողներից մեկը։

Որպես տարվա սուտ շատ ընթերցողներ հիշեցրել են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «մինչև քոքը մաշեցնելու ենք», Նիկոլ Փաշինյանի՝ «ծեփռտելու ենք պատերին», «Գերիները մեր եղբայրներն են, մեկ-երկու ամիս դիմացեք», «Պողպատե մանդատի» մասին հայտարարությունները։

Ընթերցողները որպես սուտ են նշել նաև Նիկոլ Փաշինյանի կողմից հաճախ հնչեցվող «սիրում եմ Ձեզ» հայտարարությունը. «2018թ. սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- հիշեցրել է ընթերցողներից մեկը։

Որպես սուտ նշվել է «Հայաստանում մոռացվել է կաշառակերությունը», Փաշինյանի «բոլորս վարչապետներ ենք» և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «երկնիշ տնտեսական աճ չգրանցելու դեպքում հրաժարական տալու» մասին հայտարարությունները։

Ընթերցողները հիշել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մահանալու մասին կեղծ լուրերը։

ՍիվիլՆեթի հետևորդներն անդրադարձել են նաև Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու մասին վերջին մեկ տարվա ընթացքում արված պնդումներին. մի մասը նշել է, որ ընդդիմության կողմից այդքան չարչրկված «Զանգեզուրի միջանցքի» մասին տեղեկությունը սուտ էր, իսկ մյուս մասը նշել է, թե սուտ է, որ իշխանությունները միջանցքային տրամաբանությամբ հարցեր չեն քննարկում։ Ցավալի է, բայց որոշ ընթերողներ որպես սուտ նշել են «Հայաստան պետությունը» և «Հայ ժողովրդին 30 տարի հրամցված անկախությունը»։

Ընթերցողների մեծամասնությունը որպես տարվա սուտ նշել է «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարգախոսը՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա»։ Հենց այս կարգախոսն է գլխավորում տարվա ստերի ցանկը։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մաղթում է ուրախ Ամանոր և Սուրբ ծնունդ։ Թող 2022 թվականը զերծ լինի ապատեղեկատվությունից և մոլորեցնող ու կեղծ լուրերից և լինի խաղաղ։ ։

Մեկնաբանել