Փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել կեղծ օրակարգով․ ՀՀ նախագահի աշխատակազմ

armen sarkisian

Հայաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ։

«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,- նշվում է հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը իր հրաժարական մասին անսպասելի հայտարարեց կիրակի երեկոյան՝ նշելով, որ «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Երկուշաբթի «Հետք» պարբերականը հետաքննություն հրապարակեց՝ պնդելով, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել իր՝ այլ երկրի քաղաքացիության բացահայտումից հետո։