Լրատվականները նենգափոխում են Զելենսկու խոսքը

Անի Գրիգորյան

#CivilNetCheck

Freenews.am լրատվականը մարտի 3-ին հոդված է հրապարակել՝ «Զելենսկին ասել է, որ 16 հազար օտարերկրյա վարձկաններ գալիս են Ուկրաինայի համար պատերազմելու» վերնագրով։ Ըստ Freenews-ի՝ Ուկրաինայի նախագահն այս հայտարարությունն արել է ճեպազրույցի ժամանակ։

Նման բովանդակությամբ և որակումներով նյութ գրել է նաև ռուսական պետական լրատվական գործակալությունը՝ Սպուտնիկ Արմենիան։ Այս տեղեկությունը տարածել են նաև ipress.am-ը, shantnews.am-ը, araratnews.am-ը («РИА Новости»-ին հղումով) և մի շարք սունկ կայքեր։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահը խոսել է ոչ թե վարձկանների, այլ կամավորների մասին։ Զելենսկու տելեգրամյան պաշտոնական ալիքում տեղադրվել է նրա ճեպազրույցը անգլերեն ենթագրերով։ Նա խոսում է 16 հազար կամավորների մասին։ (5:10-5:16)

«Ուկրաինան արդեն հանդիպում է օտարերկրյա կամավորների հետ, որոնք գալիս են մեր երկիր՝ առաջինները 16 000-ից։ Նրանք պաշտպանելու են ազատությունը»,- հայտարարել է Զելենսկին։

Բացի այդ, Freenews-ը գրում է, թե ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ 16 երկրներից 1 000 վարձկան է մեկնում Ուկրաինա: Մինչդեռ Կուլեբան ևս խոսել էր կամավորների և ոչ թե վարձկանների մասին։

«16 երկրից ավելի քան 1 000 կամավոր ճանապարհին է՝ կռվելու ուկրաինական ուժերի կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի ներխուժման։ Դիմումները շարունակվում են»,- հայտարարել էր Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Ռուսական մամուլը Ուկրաինա մեկնող կամավորներին «վարձկան» է որակում, իսկ հայկական լրատվականները առանց ստուգելու տարածում են ռուսական նյութերը։

Կամավորների հարցը տարբեր երկրներում

Լիտվայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես թույլատրել է այդ երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ բանակի պահեստազորայիններին, մեկնել Ուկրաինա՝ կամավորական սկզբունքով կռվելու նպատակով։

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ միանշանակ կերպով աջակցում է Ուկրաինա մեկնել ցանկացող բրիտանացի կամավորներին, քանի որ նրանք կկռվեն ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Եվրոպայի ազատության համար։ Թրասի այս հայտարարությունը ոչ միանշանակ էր ընդունվել Բրիտանիայում։

Կամավորների հարցը նաև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել Ուկրաինայի և Վրաստանի միջև։ Մարտի 1-ին Զելենսկին հետ էր կանչել Վրաստանում Ուկրաինայի դեսպանին այն բանից հետո, երբ Վրաստանն արգելել էր վրաց կամավորներին Թբիլիսիից մեկնել Լեհաստան՝ Ուկրաինայում կռվելու նպատակով։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արգելքը հիմնավորել է նրանով, որ Ուկրաինա մարտիկներ ուղարկելը նշանակում է ուղղակիորեն ներգրավվել պատերազմի մեջ։

Մեկնաբանել