Միրզոյանը Լավրովին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները

Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության հարուստ օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության և արդյունավետության բարձրացման շուրջ:

Միրզոյանն ու Լավրովն անդրադարձել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Նաև կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը»,- հայտնում են ԱԳՆ-ից։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

***

Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը մարտի 10-ին հայտարարել է, որ վթարված գազատարի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։

Վերջին օրերին տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ ականանետերից, Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակում Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Խնուշինակ գյուղերի ուղղությամբ։ Միայն Խրամորթ գյուղի ուղղությամբ հակառակորդը արձակել է ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Ադրբեջանի կողմից արձակված ականանետի կրակոցից բեկորային վիրավորում է ստացել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի խաղաղ բնակիչը։

Մեկնաբանել