Արցախում գերատեսչությունները չեն պատասխանում ՍիվիլՆեթի հարցումներին՝ ի հեճուկս Սահմանադրության

ստեփանակերտ

Արցախում պետական գերատեսչությունները շարունակում են տեղեկատվություն չտրամադրելու իրենց գործելաոճը։ ՍիվիլՆեթը ի մի է բերել, թե ինչ հարցումներ են մինչև հիմա մնացել անպատասխան՝ ի հեճուկս Արցախի Սահմանադրության և օրենքների։

Պետությունը ումի՞ց է տարածքներ վարձակալում

Այս հարցի պատասխանը չունենք։ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանին խնդրել էինք տեղեկացնել, թե պետությունը 2021-ի դեկտեմբերի 17-ի դրությամբ ո՛ր ֆիզիկական և իրավաբանական անձանցից է տարածքներ վարձակալում՝ պետական գերատեսչությունների աշխատանքի կազմակերպման նպատակով։ Նաև խնդրել էինք տրամադրել համապատասխան վարձակալական պայմանագրերի պատճենները։

Բեգլարյանը տրամադրել է Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը։ Կադաստրի նախագահ Սուրեն Գալստյանը նույնպես չի տրամադրել ՍիվիլՆեթին հետաքրքրող տեղկատվությունը՝ հիմնավորելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով։

2021-ի դեկտեմբերի 27-ին նույն հարցումը ուղարկել էինք Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝, այս անգամ Սահմանադրության ու «Տեղակատվության ազատության մասին» օրենքից բացի՝ հղում անելով նաև ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու համայնքների մասնակցության կարգը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում) և 169-րդ հոդվածներին (Պետական սեփականության իրավունք)։

Արցախի նախագահի գրասենյակից առ այսօր պատասխան չկա։

Ի դեպ, ի տարբերություն Արտակ Բեգլարյանի՝ 2018-ին Արցախի նախկին պետնարարար Գրիգորի Մարտիրոսյանը «Հետքին» տրամադրել էր նման տեղեկատվություն, ինչի առթիվ պետական նախարարի աշխատակազմից պարզաբանել են, որ եթե Նախագահի հրամանագրով Գրիգորի Մարտիրոսյանի համակարգման ներքո էր գտնվում նաև կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն (հարցվող տեղեկատվությունը տնօրինող մարմինը), ապա Արտակ Բեգլարյանի համակարգման տակ այդ մարմինը չի գտնվում, այդ պատճառով նա լիազորված չէ պետական գույքի ու վարձակալության պայմանագրերի մասին տեղեկատվությունը տրամադրել որևէ մեկի կամ հանձնարարել կոմիտեին տրամադրելու այն: Այդ հիմնավորմամբ պետական նախարարի աշխատակազմն ուղղորդել է լիազոր մարմնից՝ կադաստրի ու պետական գույքի կառավարման կոմիտեից ստանալու տեղեկատվությունը, ինչպես կարգավորում է օրենքը։

Բյուջետային աշխատողների թվի մասին հարցումը ևս անպատասխան է

2021-ին մայիսի 27-ին ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Արցախի այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանին: Հարցման նպատակն էր ստանալ վերջին հինգ տարում Արցախի պետական աշխատողների թվւ վերաբերյալ տեղեկատվություն (ներառյալ՝ ՊՈԱԿ-ների, Ծրագրերի իրականացման գրասենյակների և հիմնադրամների աշխատակիցների), ինչպես նաև՝ տեղեկատվություն շրջանային վարչակազմերի աշխատակիցների քանակի վերաբերյալ:

Հուլիսի 7-ին հարցմանը պատասխանել էր Արցախի նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Կարեն Շահրամանյանը. «Հաշվի առնելով ռազմական գործողությունների հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակը և ծագած տարբեր բարդ խնդիրները՝ այս պահին չենք կարող բավարարել ձեր խնդրանքը և տրամադրել համապարփակ տեղեկատվություն Արցախում պետական աշխատողների քանակի վերաբերյալ»։

«Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով մենք ունենք հազարավոր տեղահանվածներ, որոնց թվում են շատ պետական աշխատողներ»,- ասվում է պատասխանում:

Միևնույն ժամանակ, պատասխան նամակում հավաստիացնում են, որ կներկայացնեն վերջնական տեսքի բերված ու հաստատված ցուցակը, քանի որ ներկայում նրանց հետագա ճակատագրի հստակեցման, պետական աշխատողների անվանացուցակների ուսումնասիրության ու ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են կատարվում:

Այն ժամանակ ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը ասել էր, որ վերոնշյալ աշխատանքները կավարտեն մոտավորապես սեպտեմբերին:

Նույն հարցումը ուղարկել էինք 2021-ի դեկտեմբերին։ Այս անգամ Կարեն Շահրամանյանը ընդհանրապես չպատասխանեց հարցմանը։ Նամակը ուղարկել էինք Արցախի փոստային կապի ազգային օպերատոր «Արցախփոստ» ՓԲԸ-ի միջոցով։

Քաղաքաշինության նախարարությունը չի պատասխանում հարցումներին

Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը չի պատասխանում արդեն չորրորդ հարցմանը։

ՍիվիլՆեթի արցախյան թիմին 2021-ի հունիսից չի հաջողվում Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկատվություն ստանալ վերջին 3,5 տարիներին շինարարական աշխատանքներ կատարած հինգ խոշոր ընկերությունների վերաբերյալ։ Նախարարությունը չի տրամադրում նրանց հետ կնքված պայմանագրերը։

Փետրվարի 1-ին Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանին ամփոփիչ ասուլիսի ժամանակ մեզ հուզող գլխավոր հարցն ենք տվել՝ ինչո՞ւ չեք տրամադրում հայցվող տեղեկատվությունը, ինչո՞ւ տեղեկատվության տրամադրման ժամկետը չեք նշում, ինչո՞ւ եք ուշացնում պատասխանները։ Դարձյալ նույն պատասխաններն են հնչել՝ ծանրաբեռնված ենք աշխատանքով, 30-օրյա ժամկետը բավարար չէ նման ծավալի տեղեկատվություն տրամադրել։ «Դուք ընտրեք, չգիտեմ, մինչև 100 հատ կազմակերպություններ, օբյեկտներ՝ ամենախոշորը, և մենք ձեք կտրամադրենք տեղեկատվություն»,- ասում էր նա։

Նույն թեմայով չորրորդ հարցումը ձևակերպել էինք նախարարի ասածով (թեև նման կերպով ձևակերպել էինք նաև ավել վաղ, սակայն նույնպես՝ անարդյունք, դրա վերաբերյալ մասնամասն՝ այստեղ)։ Խնդրել էինք տրամադրել 2021-ի առաջին ինը ամիսների ամենախոշոր տասը ընկերությունների ցանկը և այդ ժամանակահատվածում Արցախի կառավարության կողմից այդ ընկերությունների հետ կնքված շինարարական և ճանապարհաշինական ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերի պատճենները:

Փետրվարի 7-ին կատարված հարցումը դեռ անպատասխան է՝ ի հեճուկս Արցախի Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի։

Քաղաքաշինության նախարարությունից տեղեկատվություն ստանալու անհնարինության մասին մեր նախորդ հրապարակումը՝ այստեղ։

«Նախագահի հանձնարական կա, որ բոլոր պետական պաշտոնյաները հարցումներին պատասխանեն»

ՍիվիլՆեթը հունվարին Արտակ Բեգլարյանի տարեվերջյան ասուլիսի ժամանակ բարձրացրեց գերատեսչությունների փակ լինելու հարցը։ «Նախագահի հանձնարականը կա, որ բոլոր պետական պաշտոնյաները և՛ պարբերաբար ընդունելություն կազմակերպեն, և հարցումներին պատասխանեն, և՛ պահպանեն թափանցիկության հնարավորինս բարձր մակարդակ»,- ասում էր Բեգլարյանը։ Ըստ պետնախարարի՝ իրենից կախվածը կանի, որպեսզի լուծի այդ խնդիրը։

Հաջորդ օրը խորհրակդցության ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս խոսեց թափանցիկության վերաբերյալ․ «Մենք հասարակությանը պետք է տեղեկացնենք զարգացումների ու ծրագրերի մասին, որպեսզի հասարակությունը հասկանա, որ երկիրը կանգնած չէ։ Եվ այդ առումով մենք շատ զգույշ պիտի լինենք, և կառավարության անդամները պիտի ուենան պարտադիր շփումներ լրագրողների հետ»։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել