Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ

Մարտի 28-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ։

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը կարևորել է Ադրբեջանի ներխուժմանը ՌԴ համապատասխան գերատեսչությունների տված գնահատականը: Նախարարը ընդգծել է ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից կոնկրետ միջոցների ձեռնարկումը ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար:

Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։

ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքների և կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու հետևանքով ստեղծված իրավիճակը։ Գնահատելով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ԱՄՆ կողմից տրված գնահատականը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունն իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ, կարևորել միջազգային հանրության կողմից խնդրի հետևողական հասցեագրումը։

Մեկնաբանել