Լրագրողների հավատարմագրման կարգի փոփոխությունը՝ բացը լրացնելո՞ւ, թե՞ օրենքը «կարկատելու» փորձ

Ազգային ժողովի իշխանական երկու պատգամավորներ՝ Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Մինասյանը, շրջանառության մեջ են դրել նախագիծ, որը պետական մարմնին հնարավորություն է տալիս հավատարմագրումից զրկել լրագրողներին։

Ներկա օրենսդրական կարգավորումների համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով, իսկ իշխանական պատգամավորներն առաջարկում են ավելացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը Ազգային ժողովի կայքում շրջանառվել է ապրիլի 7-ին, սակայն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում նախագծի համահեղինակ Արթուր Հովհանիսյանը գրեց այսօր՝ ապրիլի 12-ին՝ հայտնելով, որ «​​նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։ Ուշագրավ է, որ պատգամավորի հրապարակումից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, թե Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարակից սրահում՝ լրագրողների աշխատանքային գոտում լրագրողներից մեկը «պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հասցեին հնչեցրել է սպառնալիքներ և վիրավորանք պարունակող արտահայտություններ»։ Բացի հայտարարությունից, այս պնդումն ապացուցող որևէ տեսանյութ կամ ձայնագրություը ՔՊ-ն չի ներկայացրել։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը իշխանական պատգամավորները հիմնավորում են «առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու» մղմամբ։

«Օրենքի բացը լրացնելու և առաջին հերթին լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասված է նախագծում:

Արդյոք այս նախագիծը կարո՞ղ է տեղ թողնել կամայականության համար՝ ՍիվիլՆեթը հարց ուղղեց նախագծի համահեղինակ Հովհաննիսյանին։ Նա պարզաբանեց․ «Կանոնները սահմանվում են պետական մարմնի կողմից, դրանց հետ լրագրողները ծանոթանում են հավատարմագրման ժամանակ»։

«Եթե որևէ պետական մարմին դիմի կամայականության, ապա կա որոշումը բողոքարկելու օրինական ճանապարհ, իսկ աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները խախտելու կամ հիմնականում լկտի դրսևորումների ժամանակ այս պահին չկա խնդրի լուծման որևէ օրինական ճանապարհ»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) նախագահ Շուշան Դոյդոյանը կարծում է, որ նման հատվածական փոփոխությունները միայն վնասում են դաշտին. «Հավատարմագրման կարգը համակարգային ու ամբողջությամբ վերանայման կարիք ունի, և նման հատվածային, կցկտուր փոփոխությունը որևէ բանի չեն նպաստում, այլ, ընդհակառակը, ավելի է վատթարացնում վիճակը»։

Նա ռիսկ է տեսնում, որ այս օրենսդրական փոփոխությունը կարող է հանգեցնել պետական մարմինների կամայականության. «Մեզանում հավատարմագրմանը տրվում է բովանդակային նշանակություն, ռիսկ է առաջանում, որ այն լրագրողը, որը ավելի հանդուգն կլինի հարցեր ուղղելիս, ավելի անհարմար վիճակ կստեղծի պատգամավորների կամ այլ պաշտոնյաների համար, հնարավոր է, որ այս վարքը համարեն անհամապատասխանող իրենց ներքին կանոնակարգերին ու հավատարմագրումից զրկեն։ Անօրինական ու անհարկի միջամտությունների պատճառ կարող է դառնալ»։

Շուշան Դոյդոյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը խանգարում է մինչ այս լրագրողական կազմակերպությունների ու իշխանության մեջև ձեռք բերված պայմանավորվածությանը. «Կա հստակ պայմանավորվածություն լրագրողական կազմակերպությունների, Ազգային ժողովի ու կառավարության միջև, որ նրանք հանգիստ են թողնում զանգվածային լրատվության դաշտը կարգավորող օրենսդրությունը մինչև տարեվերջ։ Մենք կնքում ենք համատեղ հուշագիր, որով ստանձնում ենք համատեղ պատասխանատվություն՝ մշակելու Հայաստանում մեդիազարգացման ամբողջական հայեցակարգ՝ հիմնականում նախանշելով այն ուղղությունները, որոնց համապատասխան պետք է ընթանան զարգացումները։ Երբ տեսնում ենք նման փոփոխություններ, տպավորություն է, որ օրենսդրությունը նմանեցնում են «կարկատած վերմակի», որն իր նպատակին չի ծառայում»,- նշեց ԻԱԿ նախագահը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել