Կառավարությունը որոշել է վերացնել պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման համար սահմանված պետական տուրքը։ Այս գործիքն աշխատում էր 2021-ի ամառվանից ու հաշվի առնելով պղնձի աճող գները՝ կառավարությունը համապատասխան օրենսդրական նախաձեռնություն էր սահմանել, որ Լոնդոնի միջազգային բորսայում մետաղի շուկայական գների 15 տոկոսի չափով պետական տուրք սահմանվի արտահանողների համար։
Այս կարգավորման արդյունքում հաջորդ վեց ամիսներին պետական բյուջե էր մուտքագրվել հավելյալ 35 միլիարդ դրամ։
Այժմ կառավարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում շրջանառել է օրենքների նախագծեր, որոնցով նախատեսվում է վերացնել այս տուրքը.
«Պետական տուրքի սահմանումը, սակայն, մետաղների ոչ բոլոր գների պարագայում կարող է համարվել ոլորտի հարկման արդարացի և արդյունավետ գործիք, քանի որ մետաղների արտահանման պետական տուրքը հաշվարկվում է արտահանման ֆիզիկական ծավալների հիման վրա միայն, և հետևաբար, այն ճկուն չէ մետաղների միջազգային գների փոփոխության նկատմամբ»։
Մյուս կողմից կառավարությունն առաջարկում է փոփոխել ռոյալթիի համակարգը։ Ռոյալթին բնօգտագործման վճար է, որը ներդրվել է մետաղական հանքերի արդյունահանումը փոխհատուցելու նպատակով։ Կառավարությունն առաջարկում է «համակարգը դարձնել ավելի պրոգրեսիվ»։ Մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չի նախատեսվելու, իսկ 10 տոկոսից բարձր շահութաբերությամբ ընկերությունների դեպքում հաշվարկվելու է լրացուցիչ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով։