Փոփոխություններ են նախատեսվում ապօրինի գույքի բռնագանձման օրենքում

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի արտահերթ նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում է Ազգային ժողովի կայքը։

Փոփոխությամբ մասնավորապես առաջարկվում է ընդլայնել «պաշտոնատար անձ» հասկացությունը. բացի հանրային պաշտոն զբաղեցրած անձանցից՝ այդ հասկացության շրջանակում ներառել նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:

Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ որոշ գործերի ուսումնասիրությունը, ելնելով դրանց բարդությունից և օբյեկտիվ խնդիրներից, ողջամիտ չէ ավարտել երկու տարում: Առկա խնդիրների հաղթահարման համար առաջարկվել է ուսումնասիրությունը երկու տարվա փոխարեն դարձնել երեք տարի, և որ փոփոխությունը տարածվի սկսված և չավարտված ուսումնասիրությունների վրա: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում գտնվող չավարտված շուրջ 300 և ավարտված 20 ուսումնասիրություններ կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Գործերի մանրամասները հասանելի են հանրությանը, նիստերը լինելու են հրապարակային: 20 ավարտված ուսումնասիրությունների դեպքերում դատարանի կողմից կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ: Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ։

Մեկնաբանել