Մայիսի 22-ին Բրյուսելում կկայանա Փաշինյանի, Միշելի, Ալիևի եռակողմ հանդիպումը

nikol pashinyan ilham aliyev charles michel (1)

Մայիսի 22-ին Բրյուսելում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։ Նույն օրը վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Բրյուսելում եռակողմ հանդիպում կայացել էր նաև ապրիլի 6-ին։ Հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Բրյուսելյան հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու հեռախոսազրույց էին ունեցել, մեկ անգամ հանդիպել էին՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի միջնորդությամբ։ Չնայաած մայիսի 12-ին Դուշանբեում Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ սահմանազատման հանձնաժողովների առաջին նիստը տեղի կունենա մայիսի 16-17-ին՝ Մոսկվայում, այն չկայացավ։ Ադրբեջանի նախագահը մեղադրում է հայկական կողմին՝ համաձայնեցված հանդիպումները չեղարկելու համար, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն հակադարձում է՝ «հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել»։

Խաղաղության կամ հարաբերությունների կարգավորման բանակցություններին ընդառաջ Ադրբեջանական կողմը հրապարակել է իր հինգ առաջարկները, որին ի պատասխան Հայաստանը ներկայացրել է վեց կետանոց առաջարկների փաթեթ։

Մեկնաբանել