ՔՊ-ական պատգամավորը ընդդիմությանը համեմատեց «դասերից փախչողների հետ»

Ազգային ժողովը մայիսի 24-ին սկսել է հերթական քառօրյան։ Խորհրդարանի աշխատանքները բոյկոտում են ընդդիմադիր խմբակցությունները։

Այն, ինչ կատարվում է այսօր, ըստ էության, պետականության և իրավունքի գերակայության մերժում է․ Ազգային ժողովում մայիսի 24-ին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների գործելաոճին։

«Կանցնեն տարիներ, և որևիցե մեկը չի հիշի՝ ով ու ինչ քաղաքական ուժեր են եղել խորհրդարանում այս կամ այն օրենքն ընդունելիս։ Լինելու է օրենք, լինելու է առավելություն կամ թերություն, և մենք բոլորս ապրելու ենք այդ օրենքների ազդեցության ներքո։ Չի կարելի այս կարգի անհարգալից վերաբերմունք դրսևորել օրենսդրական գործունեության նկատմամբ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով նաև, որ սխալ է «անհարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիներից ստացած մանդատի նկատմամբ»։

«Չի կարելի է, ըստ էության, դասից փախչողի նման և այդ հոգեբանությամբ փորձել լավ գնահատականներ ստանալ ծնողների, ուսուցիչների ու համադասարանցիների կողմից։ Ուրիշ օրինակ չեմ կարող բերել, որովհետև ավելի հարմար օրինակ չկա»,- նշեց Վարդանյանը։

Խորհրդարանը քննարկում էր ավելի քան հարյուր օրենք ընդգրկող նախագիծ, որոնք վերաբերում են քրեական արդարադատությանը։ Հուլիսի 1-ից Հայաստանում ներդրվում է քրեական արդարադատության նոր համակարգը՝ Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերն ընդունվել էին դեռ նախորդ տարի։ Այս քառօրյայի ընթացքում ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել օրենսգրքերին եւ վերացնել դրանցում առկա բացթողումները՝ այդպիսով ապահովելով օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից և հակասություններից խուսափումը, ինչպես նաև համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:

Ապրիլի 12-ից ընդդիմությունը բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը, նրանք խորհրդարան են եկել միայն մայիսի 4-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ընդդիմադիր պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել նրա հրաժարականի պահանջն ու հեռացել նիստերի դահլիճից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել