Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ արած հայտարարությունը։
«Հաճույքով ծանոթացա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հնչեցրած հայտարարությանը. «Խաղաղության և համագործակցության հաստատման» և դրա «գործնական իրականացմանն անցնելու ժամանակն է»՝ Հայաստանի հետ հարաբերություններում դրական դինամիկայից հետո։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է դրան»,- Թվիթերի իր էջում գրել է Կլաարը։
Pleased to read @presidentaz Ilham Aliyev’s statement at #GlobalBakuForum: “Now it’s time to establish peace, to establish cooperation” and to “move to practical implementation” following positive dynamics with Armenia. The 🇪🇺 strongly supports this.
— Toivo Klaar (@ToivoKlaar) June 19, 2022
Հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի հերթական նստաշրջանի ժամանակ իր բացման ելույթում նաև մեղադրել է հայկական կողմին 2020-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ՝ նորից բարձրացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Նա նշել է, որ իրենք չեն համակերպվի Նախիջևան տանող հաղորդակցային ուղու բացակայության հետ և դրա ձգձգումը նույնացրել է նախորդ 30 տարվա բանակցային գործընթացի և դրան հետևած պատերազմի հետ:
Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Եվրամիության հովանու ներքո ացնկացված հանդիպմանը բանավոր պայմանավորվածություն է եղել չբարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն Հայաստանի կառավարությունը այն օրակարգում է պահում, ինչը ըստ նրա՝ անհեռանկարային և շատ վտանգավոր է Հայաստանի համար:
«Եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնի, ապա Ադրբեջանին այլ ելք չի մնա, քան իր հերթին հարցականի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա՝ տարածքային պահանջներ դնելով նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ: