Իրանը սատարում է ապաշրջափակման գործընթացը՝ տարածքային ամբողջականության շրջանակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է Իրանի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը․ «Բարձր մակարդակի փոխայցելությունները կարևոր են այդ խնդիրը լուծելու համար: Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ․ «Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։

Նիկոլ Փաշինյանն ու Ալի Շամխանին կարևորել են նաև առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել