ՔՊ-ական պատգամավորների պարգևատրման ֆոնդը կազմել է 48,8 մլն դրամ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հուլիսի 4-ի կարգադրությամբ Սահմանադրության օրվա առթիվ պարգևատրել էին ԱԺ պատգամավորներ։

Տեղեկություն տարածվեց, որ պարգևատրել են միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

ԱԺ նախագահի գրասենյակը #CivilNetCheck-ի հարցմանը ի պատասխան հայտնեց, որ պարգևատրման ֆոնդը կազմել է 48,8 մլն դրամ (մոտ 120 հազ. դոլար)։ Իսկապես պարգևատրում ստացել են միայն ՔՊ-ական պատգամավորները։ Այսինքն, 71 պարգևատրումը միջինում կազմում է 687 000 դրամ, սակայն կախված զբաղեցրած պաշտոնից՝ այն տարբեր է։

Պատգամավորները՝ այդ թվում ընդդիմադիր, իրենց աշխատավարձերից բացի ստացել են նաև ամենամսյա պատգամավորական ծախսերի համար հատկացվող հավելավճարները, որոնց չափը նախորդ տարի հնգապատկվել էր՝ 50 000-ից դառնալով 250 000 դրամ։

Նախորդ տարի՝ 2021-ին, ԱԺ պատգամավորները մեկ ամսվա աշխատավարձի չափով պարգևավճար են ստացել երկու անգամ՝ սեպտեմբերի 16-ին՝ Անկախության տոնի կապակցությամբ և դեկտեմբերի 21-ին՝ որպես 13-րդ աշխատավարձ։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Hetq.am-ին մեկնաբանել էր, որ պարգևավճարները միայն ՔՊ-ականներին տրամադրվել են, քանի որ վերջիններս «ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել՝ վերջիններիս բացակայությունների պատճառով»։

#CivilNetCheck-ը խնդրել էր նաև տրամադրել պարգևատրման ցանկը (հավելվածը) և հայտնել, թե արդյոք պարգևատրվել են նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։ Հավելվածի տրամադրումը մերժվել է, իսկ աշխատակազմի վերաբերյալ հարցին պատասխան չի տրվել։

Մեկնաբանել