Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

Պատրիարքը Բայդենի հետ առանձնազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Քննարկվել են նաև այլ թեմաներ:

«Այս առթիվ պատրիարքը Ջո Բայդենին նվիրեց հայկական հախճապակուց պատրաստված ափսե և նուռ»,- գրել է Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։