Անշարժ գույքի շուկան՝ 12-ամյա պիկին․ ինչու են թանկացել բնակարանները

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում եղել է անշարժ գույքի հետ կապված 96 535 գործարք, որը վերջին 12 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքներն ավելացել են մոտ 6 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության կիսամյակային ցուցանիշներից։ Այդ գործարքների մեծ մասն իրականացվել է Երևանում։

Դրանք հիմնականում վերաբերել են հողերի, բնակարանների ու առանձնատների հետ կապված գործարքներին։ Առքուվաճառքի գործարքները նույնպես ամենաշատը եղել են Երևանում։ Առհասարակ, կիսամյակի ընթացքում գրանցվել է 27 192 առքուվաճառքի գործարք։ Հիմնականում առքուվաճառքի առարկա են եղել հողերը, բնակարաններն ու առանձնատները։ Առքուվաճառքի գործարքները նվազել են Արարատի, Վայոց ձորի ու Լոռու մարզերում։ Երևանի վարչական շրջաններում առքուվաճառքի գործարքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Կենտրոնում առքուվաճառքն ավելացել է 71 տոկոսով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 48 տոկոսով, Ավանում՝ 41 տոկոսով։ Առքուվաճառքի տպավորիչ գործարքների թիվ է գրանցվել Նորք Մարաշում․ այստեղ գործարքների թիվը կրկնապատկվել է՝ 82-ից 173։

Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև Երևանի վարչական շրջաններում բնակարանի 1 քմ-ի միջին գինը։ Առանց բացառության՝ վարչական բոլոր շրջաններում քմ-ի գինը բարձրացել է և ունի հետևյալ պատկերը.

Կենտրոն – 717 000 դրամ

Արաբկիր – 507 550 դրամ

Քանաքեռ-Զեյթուն – 373 600 դրամ

Նոր Նորք – 319 500 դրամ

Էրեբունի – 326 100 դրամ

Շենգավիթ – 332 000 դրամ

Դավթաշեն – 370 000 դրամ

Աջափնյակ – 346 100 դրամ

Մալաթիա-Սեբաստիա – 324 500 դրամ

Ավան – 324 700 դրամ

Նուբարաշեն – 197 500 դրամ

Բնակարանների քառակուսի մետրի գինը բարձրացել է նաև Գյումրիում՝ 27 տոկոսով, Էջմիածնում՝ 26 տոկոսով, Գավառում՝ 29 տոկոսով, Վանաձորում՝ 32 տոկոսով, Դիլիջանում՝ 24,5 տոկոսով, Աշտարակում՝ 20 տոկոսով։

Հողերի ետ կապված ամենաշատ գործարքները եղել են Երևանում։ Ըստ տվյալների՝ կիսամյակում Երևանում առքուվաճառքներով ձեռք է բերվել ավելի քան 95 հեկտար հող, որի մեծ մասը՝ հասարակական կառուցապատման, բնակելի կառուցապատման և գյուղատնտեսական նշանակության։ Մարզերում առքուվաճառքի գործարքներով հողերի օտարման ընդհանուր ծավալը ավելի քան 6 026 հեկտար է, որի առյուծի բաժինը եղել է գյուղնշանակության հողեր։

Կադաստրի կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ Հայաստանում շարունակում են կրճատվել վարձակալության գործարքները։ Այս տարվա առաջին կիսամյակում նախորդի համեմատ վարձակալության գործարքները պակասել են 9,1 տոկոսով։ Նմանատիպ գործարքները ամենաշատը նվազել են Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի մարզերում։ Երևանում վարձակալության գործարքներն աճել են 10,1 տոկոսով։

Ինչու է աշխուժացել անշարժ գույքի շուկան

«Կառուցապատողների հայկական ասոցացիա» ՀԿ-ի խորհրդի անդամ, կառուցապատող «Արտքոմփանի» ընկերության հիմնադիր Վահե Պետրոսյանը կարծում է, որ կառուցապատման ոլորտը գնանշվում է դոլարով, հետևաբար բնակարանների 1 քառակուսի մետրի գների աճը ձևական է։ «Մեր դրամը արժևորվել է դոլարի նկատմամբ, և դոլարով արտահայտված՝ անշարժ գույքի գները նույնն է մնացել»,- ՍիվիլՆեթին ասաց Պետրոսյանը։ Առքուվաճառքի գործարքների ավելացումը նա բացատրում է այն հանգամանքով, որ կապված եկամտահարկի վերադարձի մեխանիզմով բնակարաններ գնելու առաջիկա սահմանափակումների հետ՝ մարդիկ փորձում են իրենց պլանավորածից ավելի վաղ ժամկետներում գնել բնակարաններ։ «Մարդիկ, որ պլանավորում էին 2025-2026 թվականներին բնակարաններ գնել, հիմա ավելի արագ գնում են գնելու ու հետաձգված պահանջարկը տեղափոխվել է այս տարի, առաջացել է իռացիոնալ պահանջարկ։ Դա բումի տպավորություն է թողնում, բայց ավելի շատ աժիոտաժ է, ոչ թե բում»- բացատրեց նա։

Վահե Պետրոսյանը կարծում է, որ գործարքների քանակի աճի վրա ազդել է նաև ռուսական ներհոսքը, ռուսաստնաբնակ հայերը սկսել են ակտիվանալ շուկայում։

Մեկնաբանել