Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի, ևս մեկ մահացածի ինքնությունը պարզված չէ

Վերջին տվյալներով անհետ կորած է համարվում 2 քաղաքացի, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները»,- նշել է Կոստանյանը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։

Կոստանյանի խոսքով՝ օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության մոտ 665 ծառայող և կամավոր։

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 62 տուժածներից 5-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել