Ադրբեջանը ճնշում է Թուրքիային՝ դանդաղեցնելու Հայաստանի հետ պայմանավորվածությունների կատարումը

Քաղաքագետ, լրագրող Վիգէն Չըթըրեանը «Երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ» վերնագրով հոդված է հրապարակել Պոլսի «Ակօս» թերթում։ Նա զրուցել է Հայաստանի ԱԳՆ անանուն պաշտոնյայի հետ։ Աղբյուրն ասել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Թուրքիայի վրա՝ դանդաղեցնելու [հայ-թուրքական պայմանավորվածությունների – խմբ․] իրականացման գործընթացը, որպեսզի այն առաջ չանցնի հայ-ադրբեջանական բանակցություններից։ Չըթըրեանի հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Հայ և թուրք դիվանագետների միջև շարունակվում են ինտենսիվ բանակցությունները երկկողմ հարաբերությունները կարգավորելու և վաղուց փակված սահմանը բացելու ուղղությամբ՝ մեծացնելով նաև ակնկալիքները։ Որքա՞ն մոտ ենք այս հարցում բեկմանը:

«Մենք չենք կարող խոսել բեկման մասին, քանի դեռ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն իրագործվել»,- ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության աղբյուրը, որը ցանկացավ անանուն մնալ։ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչի միջև արդեն չորս հանդիպում է տեղի ունեցել, սակայն դեռ սպասում ենք կոնկրետ արդյունքների։

Երկու պաշտոնյաները՝ Ռուբինյանն ու Քըլըչը, որոնք իրենց կառավարությունների կողմից հանձնարարություն են ստացել կարգավորել երկու հարևան պետությունների միջև հարաբերությունները, վերջին շրջանում որոշակի առաջընթաց են գրանցել։ Հուլիսի 1-ին Վիեննայում նրանց վերջին հանդիպումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը լավատեսական էր, քանի որ դրանում ասվում էր, որ նրանք «համաձայնել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և թույլատրել «ուղիղ բեռնափոխադրումներ»: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նաև ասվում էր, որ բանագնացները «քննարկել են այլ հնարավոր կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար (․․․) առանց նախապայմանների»։

Հուլիսի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ևս մեկ դրական նշան էր։ Իրենց քննարկման ժամանակ երկու ղեկավարներն անդրադարձել են լրացուցիչ խնդիրների, ինչպիսիք են Թուրքիայի օդային տարածքով հայկական քաղավիացիայի թռիչքների հարցը, ինչում հայկական կողմը շարունակում է դժվարությունների բախվել Թուրքիայից թույլտվություն ստանալու հարցում և ինչի պատճառով վերջին պահին բազմաթիվ չվերթներ չեղարկվում են։

Հայաստանն ակնկալում էր, որ զբոսաշրջային սեզոնին՝ հուլիսին կամ օգոստոսի սկզբին, սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, և դա կխթանի առևտուրը Հայաստանի և Թուրքիայի ամենաարևելյան նահանգների միջև: Սակայն իրականում այդ հայտարարություններից հետո մինչ օրս որևէ փոփոխություն չի եղել։ «Մենք դեռ չենք տեսնում կոնկրետ քայլեր, որոնք մեզ կհամոզեն, որ Թուրքիան լուրջ է տրամադրված, և որ բանակցությունները պարզապես իմիտացիոն գործընթաց չեն»,- ասում է Հայաստանի ԱԳՆ մեր աղբյուրը։

Որո՞նք են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խոչընդոտները։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, և Հայաստանը հռչակեց իր ինքնիշխանությունը, Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց շարունակաբար հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ բացել Հայաստանի հետ սահմանը: 1990-ականների սկզբին Թուրքիան ուներ երկու նախապայման՝ Հայաստանը չպետք է աջակցի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին և պետք է բացահայտորեն հրաժարվի տարածքային փոխհատուցման ցանկացած պահանջից։ Հայաստանի պատասխանն այն էր, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, ինչպես Թուրքիան արել էր խորհրդային մյուս հանրապետությունների դեպքում։ Երբ Ղարաբաղում պատերազմ սկսվեց, և հայ մարտիկները 1993-ի մարտին գրավեցին Քելբաջարը, Թուրքիան ավելացրեց երրորդ պահանջը՝ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող ադրբեջանական տարածքներից:

Այժմ թուրքական երեք նախապայմանները բավարարված են. Ցյուրիխյան արձանագրությունները բավարարում էին առաջին երկու պահանջները, իսկ 2020-ի պատերազմից հետո հայկական զորքերը դուրս են բերվել ադրբեջանական մնացած տարածքներից։ Այդ դեպքում ինչո՞ւ է կարգավորման գործընթացն այսքան ժամանակ պահանջում։

Հայաստանի ԱԳՆ-ում մեր աղբյուրն ասում է, որ Ադրբեջանը բացասական դեր է խաղում՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ դանդաղեցնելու [հայ-թուրքական պայմանավորվածությունների – խմբ․] իրականացման գործընթացը, որպեսզի այն առաջ չանցնի հայ-ադրբեջանական բանակցություններից։ «Թուրքիան պետք է ստանձնի առաջնորդի իր դերը Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- հավելեց ԱԳՆ աղբյուրը։

Հայ-թուրքական հարաբերությունները ոչ միայն պատմականորեն են բարդ եղել՝ սկսած Առաջին աշխարհամարտից, այլև վերջին երեք տասնամյակների ընթացքում երկրների միջև հաղորդակցության բացակայությունը, Հայաստանի տնտեսական շրջափակումը և Ադրբեջանին քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի քաղաքական որոշումը չափազանց բարդացրել են դրանք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացը մեկ այլ խիստ բարդ հակամարտությամբ պայմանավորելը մեկի կամ մյուսի լուծումը շատ ավելի բարդ կդարձնի, եթե ոչ անհնարին: «Երկու գործընթացների փոխկապակցումը պարզապես կործանարար է»,- ասում է Հայաստանի ԱԳՆ աղբյուրը:

Մյուս կողմից, լարվածությունը թուլացնելով և Հայաստանի հետ դրական քայլեր ձեռնարկելով՝ Թուրքիան կօգնի պայմաններ ստեղծել Ղարաբաղյան հակամարտության գոտում և դրա շուրջ լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ մեր աղբյուրի՝ «Թուրքիան պետք է ստանձնի առաջատարի իր դիրքերը Ադրբեջանի հետ հարաբերություններում»։

Հայ դիվանագետը եզրափակեց. «Նույնիսկ վաղը մենք պատրաստ ենք բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»։

Վիգէն Չըթըրեանը պատմություն և միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Չըթըրեանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։

Մեկնաբանել