Արցախի ու Ադրբեջանի միջև շփումների անխուսափելիությունը և դրանց հետ կապված վտանգները

Ադրբեջանական APA գործակալությունը օգոստոսի 23-ին հայտնել է, որ Ադրբեջանի «Մելորացիա ու ջրային տնտեսություն» պետական ընկերության ներկայացուցիչները այցելել են Սարսանգի ջրամբարը և տեղում զննում իրականացրել: Գործակալությունը նշել է, որ տեղի է ունեցել նաև հանդիպում, որի ընթացքում հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրաբաշխման ու ոռողգվող հողեր Սարսանգի ջրամբարից ջրամատակարարման խնդիրները: APA-ն հայտնել է նաև, որ բանակցությունները կառուցողական են եղել և անցել են փոխըմբռնման մթնոլորտում: Հատկանշական է, որ Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը նյութի մեջ չի նշել, թե ում հետ էին տեղի ունեցել այդ բանակցություններն ու հանդիպումը:

APA-ի այս նյութը շատ արագ տարածել են ադրբեջանական այլ լրատվամիջոցներ: Լուրը շուտով հայտնվել է նաև հայկական լրատվական դաշտում` մտահոգությունների պատճառ դառնալով Արցախում և Հայաստանում:

Արդեն օգոստոսի 24-ին Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանող գրառում է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ հաստատելով ադրբեջանցի մասնագետների այցը Սարսանգ ու նրանց հանդիպումը Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուիչների հետ: Տեղեկատվական շտաբի գրառման մեջ նշվում էր նաև, որ նմանատիպ հանդիպումներ կազմակերպվում են 2021 թվականից:

Ավելի ուշ Արցախի հանրային հեռուստաընկերությունը այս թեմայով ռեպորտաժ պատրաստեց, որում Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, որը մասնակցել է Սարսանգի ջրամբարի մոտ տեղի ունեցած հանդիպմանը, մի շարք պարզաբանումեր տվեց հարցի հետ կապված:

Հայրիյանը, մասնավորապես, նշեց, որ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ նմանատիպ հանդիպումներ տեղի են ունենում 2021 թվականի փետրվարից: Ջրային կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ այդ հանդիպումները տեղի էին ունենում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Ըստ նրա՝ Ստեփանակերտը առաջարկել է էլեկտրաէներգիայի արտադրման համար օգտագրծվող ջուրը տրամադրել Ադրբեջանին, եթե վերջինս ապահովի, որ Սարսանգի աջակողմյան ջրանցքով Սարսանգի ջուրը հասնի նաև Մարտակերտի շրջան:

Ամենայն հավանականությամբ ջրային ռեսուրսների համատեղ շահագործման շուրջ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների առարկա է ոչ միայն Սարսանգի ջրերի օգտագործման հարցը, այլև, օրինակ, Արցախի կողմից Աղդամի շրջանում գտնվող ու պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Խաչենի ջրամբարից (որը ավելի հայտնի է «Ջինի» անվանմամբ) և Սովետարխի ջրանցքից օգտվելու հարցը:

Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Սարսանգի ջրամբար, ինչպես արդեն նշվեց, լուրջ մտահոգությունների պատճառ դարձավ Արցախում ու Հայաստանում: Այդ մտահոգությունները այս փուլում ինչ-որ չափով ընկալելի են: Ադրբեջանի կողմից ուժային ճնշման մարտավարության ու տարատեսակ տեղեկատվական սադրանքների պայմաններում նմանատիպ նորությունները հասարակության մոտ կարող են լեգիտիմ վախեր առաջացնել:

Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական ու արցախյան պաշտոնյաների հանդիպման կամ բանակցությունների մասին լուրը իրարանցում է առաջացնում Հայաստանում և Արցախում: Նմանատիպ թեմաները շատ արագ նաև քաղաքականացվում են Արցախում և Հայաստանում գործունեություն ծավալող տարբեր ընդդիմադիր գործիչների ու խմբերի կողմից:

Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Արցախում ստեղծվել է իրավիճակ, երբ առանց նմանատիպ շփումների անհնար է լուծել մի շարք կենսական նշանակություն ունեցող խնդիրներ գետնի վրա: Պատերազմում պարտության պատճառով բազմաթիվ ենթակառուցվածքներ ու ռեսուրսներ, որոնք նախկինում գտնվում էին հայկական վերահսկողության տակ, այժմ վերահսկվում են Ադրբեջանի կողմից: Այսպես, Արցախում գտնվող որոշ խոշոր ընկերություններ նույնիսկ չեն կարող լիարժեք գործունեություն ծավալել առանց ադրբեջանական կողմի հետ որոշ պայմանավորվածությունների ձեռքբերման ու կատարման: Այդ առումով ակնհայտ է, որ այս հարցում պետք է զերծ մնալ հույզերից և պրագմատիկ մոտեցում որդեգրել:

Այս ամենին զուգահեռ պետք է նաև հասկանալ այն վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ ադրբեջանական կողմի հետ շփումների արդյունքում: Այս փուլում կարելի է երկու այդպիսի վտանգ առանձնացնել:

  1. Ադրբեջանը օգտագործում ու օգտագործելու է այս շփումները, որպեսզի ցույց տա միջազգային հանրությանը, որ «Ղարաբաղի հայերի» հետ կառուցողական երկխոսության մեջ է մտել և Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսակցությունները վնասում են այդ երկխոսությանը: Ադրբեջանցի մասնագետների` Սարսանգի ջրամբար կատարած այցից հետո Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան հենց այդ պատումն է ակտիվորեն տարածում: Պատահական չէ, որ APA գործակալության կողմից հրապարակված նյութում շեշտվում էր, որ բանակցություները կառուցողական են եղել և անցել են փոխըմբռնման մթնոլորտում:
  2. Այս շփումների հետ կապված երկրորդ վտանգը զարմանալիորեն կապված է երևանյան որոշ խմբերի գործունեության հետ: Հայաստանի իշխանական էլիտայի մաս հանդիսացող մի շարք գործիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու լրատվական դաշտի մի հատված փորձում են ներկայացնել տարբեր կենսական հարցերի շուրջ Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների այս շփումները որպես այլընտրանք Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ընթացող բանակցություններին: Մինչդեռ ակնհայտ է, որ Բաքուն պատրաստ չէ ու տեսանելի ապագայում պատրաստ չի լինելու Ստեփանակերտի հետ քաղաքական որևէ հարց քննարկել: Վերոնշյալ ուժերը, անցկացնելով այս կեղծ զուգահեռները, փորձում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիմնավորել այն թեզը, որ Երևանը Արցախի հետ կապված հարցերում այլևս անելիք ու ասելիք չունի: Այս մոտեցումը ամբողջությամբ նույնական է Բաքվի դիրքորոշման հետ:

Այս վտանգները չեզոքացնելու համար Արցախի իշխանությունները պետք է ավելի թափանցիկ կեցվածք որդեգրեն ադրբեջանական կողմի հետ շփումների հարցում: Մինչև վերջերս ամենայն հավանականությամբ հենց Բաքուն էր պնդում, որ այդ շփումները գաղտնի պահվեն: Այնուամենայնիվ, Ադրբեջանը Սարսանգ կատարած այս այցը ակտիվորեն օգտագործել է իր քարոզչական նպատակներին հասնելու համար:

Այս առումով արցախյան կողմը այսուհետ չպիտի կաշկանդված լինի նմանատիպ հանդիպումների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու, ինչպես նաև դրանք պատշաճ կերպով մեկնաբանելու հարցում: Պաշտոնական Ստեփանակերտը պարբերաբար պետք է կանխի այս հարցը քարոզչական նպատակներով օգտագործելու ադրբեջանական փորձերը: Ավելին, ճիշտ աշխատանքի դեպքում պաշտոնական մակարդակով այս շփումները կարող են նաև ամրապնդել հայկական կողմերի որոշ դիրքորոշումներ:

Մեկնաբանել