Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը օրակարգ կարող է մտնել տարեվերջին․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անլուրջ է համարում ընդդիմադիր խմբակցությունների՝ ԱԺ նիստերը բոյկոտելու որոշումը։

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը օրակարգ կարող է մտնել այս տարվա վերջին. «Պետք է ավարտվի նստաշրջանը, դրա մասին մենք կարող ենք խոսել դեկտեմբերին։ Ես վստահ եմ, որ իրենք փորձելու են կա՛մ բժշկի թուղթ ներկայացնել, կա՛ն էլ գալ ու մասնակցություն ապահովել, իբր իրենց օրակարգով, որը պարզ չի ինչ է նշանակում։ Այդուհանդերձ, տարվա վերջում, երբ նստաշրջանը կավարտվի, արդեն ըստ տվյալների հարցը կմտնի խորհուրդ ու որոշում կկայացվի»,- ասաց Սիմոնյանը։

Այդ որոշումից հետո հարցը մտնելու Սահմանադրական դատարանի օրակարգ։ Ըստ Սիմոնյանի՝ խորհրդարանական ընդդիմությունը «լուսանցքից դուրս է հայտնվել»։

Անդրադառնալով ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել, ԱԺ խոսնակն ասաց, թե իրենք շարունակելու են հետամուտ լինել խաղաղության օրակարգին։ Նրա խոսքով՝ կառավարությունը մշտապես կապի մեջ է միջազգային գործընկերների հետ։

«Մեր ընկալումն ու վերաբերմունքն է մշտապես ուշիուշով հետևել ու պատրաստ լինել որևէ զարգացման։ Մենք սպասում ենք, որ սադրանք կարող է Ադրբեջանի կողմից լինել»,- շեշտեց ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարմիր գիծ է «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը Ադրբեջանին։

«Միջանցք ձևակերպումը չի կարող լինել, այն չկա ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության, ոչ որևիցե բանակցային փաստաթղթի մեջ։ Հայաստանի իշխանության համար այն կարմիր գիծ է նշանակում»,- ամփոփեց Սիմոնյանը։

Սիմոնյանի կարծիքով՝ լարվածությունն ավելացնելով Ադրբեջանը փորձում է հայկական կողմի նկատմամբ ճնշումներն ավելացնել։

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների, ինչպես նաւ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին հնարավոր չարաշահումների մասին հարցերին ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես շատ կուզենամ, որ Հայկ Մարությանը մասնակցի ընտրություններին։ Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է»։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել