Հակառակորդի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, վիրավորվել՝ վեցը․ ՄԻՊ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց քաղաքացիական անձ։ Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ, ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը զինվորական որևէ ծառայության մեջ ներգրավված չի եղել, դրա վերաբերյալ կան ապացույցներ։ Մեր կողմից արձանագրվել է առնվազն վեց վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ»,- ասել է ՄԻՊ-ը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, կրակը դադարել է։ Մինչ այժմ սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է։

Մեկնաբանել