Ինչպես դուրս գալ գոյութենական ճգնաժամից

Թվում էր, թե 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կհանդարտվի, կսկսվի խաղաղության նորմալ գործընթաց, քանի որ Ադրբեջանը ստացել էր այն, ինչը պատկերացնել անգամ չէր կարող պատերազմն սկսելիս։ Ադրբեջանը, սակայն, Թուրքիայի աներեր աջակցությամբ, որդեգրել է ռազմական սադրանքների միջոցով հայերին ահաբեկելու ռազմավարություն։

Հայկական երկու պետությունները գոյութենական ճգնաժամի առաջ են, ինչն ավելի է սրվել աշխարհաքաղաքական ներկա պայմաններում։ Սասանվել են Ռուսաստանի՝ Արցախում անվտանգության հիմնական երաշխավորի դիրքերը նրա՝ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով, էապես աճել է Ադրբեջանի և Թուրքիայի նշանակությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար։

Նախորդ երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել Արցախի խնդրի, հայ-ադրբեջանական օրակարգի շուրջ գործնական, միջազգային հանրության համար ընկալելի ու հայկական շահերից (Հայաստանի ու Արցախի) բխող դիրքորոշումներ ձևակերպել և դրանք բերել բանակցությունների օրակարգ։

Հայաստանի ղեկավարությունը սկզբում ամենաբարձր մակարդակով խոսում էր անկլավները հանձնելու հնարավորության մասին, հետո պարզվեց, որ խորհրդային շրջանից մնացած անկլավների ձևավորման վերաբերյալ «իրավական որոշումներ չկան»։

Վկայակոչում էր խորհրդային սահմաններն ու քարտեզները, սակայն խուսափում նույն խորհրդային սահմաններով ԼՂԻՄ վարչական միավորը որևէ կերպ հիշատակելուց։

Սկզբում խոսում էին Արցախի ինքնորոշման իրավունքի մասին և այդ դրույթն ամրագրում նախընտրական, ապա կառավարության ծրագրերում, հետո «իջեցնում են կարգավիճակի նշաձողը» հանուն «միջազգային լայն կոնսոլիդացիայի» և ստանում առհասարակ Ղարաբաղի գոյությունը ժխտող Բաքվի նոր դիրքորոշում։

Երկու տարվա ընթացքում բանակում չեն անում էական բարեփոխումներ, սահմանը պատշաճ չեն կահավորում, զինվորի անվտանգությունը առանձնապես չի բարձրանում․ սեպտեմբերի 13-14-ին՝ երկու օրվա մեջ, առնվազն 207 զոհ, 293 վիրավոր և 20 գերի։ Ողբերգությունից բացի՝ սա ձախողման ցուցանիշ է․․․ առայժմ առանց պատասխանատուների։

Հայկական օդը նախկինի պես խոցելի է ադրբեջանական ԱԹՍ-ների համար։ Չնայած բոլոր տեսակի հայտարարություններին՝ հայկական ուժերը չունեն հարվածային ԱԹՍ-ներ, որոնք գործնական խնդիրներ կլուծեն ու իրավիճակ կփոխեն։

Փաշինյանը հայտարարում է՝ չի եղել իր «վարչապետության օրոք մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ես այդ խնդիրը չլուծեմ՝ առնվազն ֆինանսական մասով»։ Ստացվում է՝ Հայաստանը ունի գումար անհրաժեշտ սպառազինության համար, բայց չունի այդ սպառազինությունը։ Սա ծանր, շատ ծանր խոստովանություն է ձախողման մասին։

Հայկական դիվանագիտությունը շարժվում է իներցիայով։ Չունենալով հստակ տեսլական՝ ծագող խնդիրներին արձագանքում է անընդհատ փոփոխվող և հայկական կողմի շարունակ «իջեցվող նշաձողերով»։

Ավելին, ըստ ամենայնի, Փաշինյանը նոյեմբերի 9-ին բանավոր խոստումներ է տվել, որոնց կատարումից խուսափելը հնարավոր չէ առանց խոստումը տվողի փոփոխության։ Նա խոստովանել է, որ նոյեմբերի 9-ին եղել են բանավոր պայմանավորվածություններ, սակայն հետո՝ սովորության համաձայն, հերքել է դա։

Ժամերի ընթացքում ինքն իրեն հերքելու մի արարի էլ ականատես եղանք սեպտեմբերի 14-ին, երբ նա խորհրդարանում հայտարարեց, թե պատրաստ է ՀՀ-ի 29,8 հազար քառակուսի կիլոմետրի անվտանգությունն ապահովելու համար ստորագրել փաստաթուղթ (ակնհայտ ակնարկելով, որ պատրաստ է հրաժարվել Արցախից) և մի քանի ժամ անց ֆեյսբուքյան ուղիղ եթերով (երբ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց) պնդեց, թե իրեն ճիշտ չեն հասկացել։

Պետության ղեկավարի նման անհավասարակշիռ և անպատասխանատու գործելաոճն իսկապես անվտանգային սպառնալիք է։

Ինչ անել

Հայաստանը ժամանակ չունի։ Հարկավոր է գործել զգույշ, մտածված, բայց արագ։ Ահա մի քանի առաջարկ, որ կարող է լինել ճգնաժամից դուրս գալու ելքի սկիզբը։

Ձևավորվում է ազգային խորհուրդ՝ Հայաստանի ու Արցախի բոլոր նախկին նախագահների ու արտգործնախարարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, հայաստանյան ու սփյուռքյան գործիչների և այլ կարևոր դերակատարների մասնակցությամբ։ Հայաստանի նախկին նախագահները և դերակատարները մի կողմ են դնում քաղաքական ու անձնական բոլոր տարաձայնությունները։ Նրանք, ինչպես և քաղաքական մյուս ուժերը առնվազն 18 ամիս առաջ չեն քաշում խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ, սատարում են կամ առնվազն չեն խանգարում նոր ձևավորվելիք կառավարությանը։

Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր կազմից առաջադրում է վարչապետի նոր թեկնածու՝ խորհրդակցելով ազգային խորհրդի ու այլ խմբերի հետ։

Փաշինյանը պահպանում է իր կուսակցության ղեկավարի պաշտոնը։ Նրան անձնական անվտանգության երաշխիքներ են տրվում: (Սա չի նշանակում, որ նա պատասխանատվություն չի կրելու իր պաշտոնավարման ընթացքում սխալների համար)։

Նոր վարչապետը ձևավորում է ազգային համաձայնության կառավարություն՝ դրանում ներգրավելով Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի ամենակարող մարդկանց ու մասնագետներին։

Վարչապետին կից ստեղծվում է դիվանագիտական շտաբ, որը կառավարությանն աջակցում է արտաքին քաղաքական հարցերում։ Շտաբի կազմում նախկին արտգործնախարարներից, դիվանագետներից բացի ընդգրկվում են ազդեցիկ գործիչներ, որոնք կարող են որոշակի ուղղություններով հանձնարարություններ ստանձնել և խնդիրներ լուծել։ Սփյուռքյան լոբբիստական կառույցները ակտիվ աշխատում են Հայաստանի ԱԳՆ-ի և այս շտաբի հետ հայկական հարցերն առաջ մղելու համար։

Ազգային համաձայնության կառավարության գործունեության ընթացքում կուսակցությունները մի կողմ են դնում քաղաքական տարաձայնությունները և նեցուկ լինում բացառապես երկրի անվտանգությունն ամրապնդելու գործին։

Երկիրը դրվում է ռազմական ռելսերի վրա։ Ավելացվում է պաշտպանության բյուջեն։ Հայաստանն ակտիվ աշխատանք է սկսում այլ երկրների հետ, օրինակ՝ աշխարհի լավագույն բանակներից մեկն ունեցող Հարավային Կորեայի հետ արդիական սպառազինություն ձեռք բերելու համար։ Բանակի կառուցվածքային վերափոխումների համար հրավիրվում են միջազգային լավագույն մասնագետներ։ Նրանց վճարման համար ներգրավվում են Սփյուռքը, անհատ բարերարներ։

Անշուշտ, այս ու շատ այլ քայլերի իրականացումը չի նշանակում, որ Ադրբեջանը զերծ է մնալու հետագա սադրանքներից կամ որ Հայաստանը կարող է աշխարհաքաղաքական վիճակի վրա էական ազդեցություն ունենալ։ Սակայն ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե ինչ են մեզ առաջարկելու աշխարհի ուժի կենտրոնները, պարզապես կործանարար է։

Պահի լրջությունը չգիտակցելը նշանակում է Արցախի, Սյունիքի և, ընդհանրապես, հայոց պետականության աստիճանական կորուստ։

Մեկնաբանել