Հիմնական ակնկալիքն Ադրբեջանից կառուցողականությունն է. Փաշինյանը՝ ճանապարհների ու ապաշրջափակման մասին

Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Այդ մասինհայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստնայում հոկտեմբերի 14-ին ԱՊՀպետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում:

Վարչապետն ընդգծել է, որ այս եռակողմ հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ «2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ», – նկատել է նա։

Վարչապետն ափսոսանք է հայտնել, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը: «Դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի», – ասել է նա։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, Փաշինյանի խոսքով, այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։

«Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։

Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը», – ասել է նա` նկատելով, որ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, Փաշինյանի խոսքով, վերը նշված սկզբունքներով «մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը»։

«Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է», – նկատել է նա։

Այնուհետև ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահի որոշ հայտարարությունների: «Ինչ վերաբերում է ականապատմանը, դա ամբողջությամբ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում: Եվ դա մեր իրավունքն է` ձեռնարկել անվտանգության ինչ-որ քայլեր` մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար», – ասել է նա:

Նաև նկատել, որ անընդունելի են այս իրավիճակին կրոնական կոնտեքստ հաղորդելու փորձերը: «Մենք գտնվում ենք շատ մտերիմ հարաբերություններում մուսուլմանական բազմաթիվ երկրների հետ, և դրա շատ վառ ապացույցն է, որ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցների մեծամասնությունը հանդիսանում են մուսուլմանական երկրներ: Մենք շատ սերտ և մոտ հարաբերություններ ունենք Իրանի և արաբական բազմաթիվ պետությունների հետ և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի ունեցել կրոնական հիմք», – հայտարարել է Փաշինյանը:

Նա զարմացած է Ադրբեջանի նախագահի հայտարարություններից, թե Հայաստանը եվրոպական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարձակումներ է կազմակերպել Ադրբեջանի դեսպանությունների դեմ:

«Դրանք լիովին անհիմն հայտարարություններ են, և կարծում եմ` ակնհայտ է, որ եթե լինեին նման փաստեր, Ադրբեջանը վաղուց հրապարակած կլիներ», – նշել է նա:

Մեկնաբանել