Ռուսաստանը Հայաստանից պարզաբանումներ է սպասում Զատուլինի և Սիմոնյանի հարցով, նշում է Զախարովան

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով դիմել է հայկական կողմին Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելելու լուրը հաստատելու և պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին հոկտեմբերի 27-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Զատուլինի և Սիմոնյանի մուտքն արգելելու մասին հաղորդագրությունները «տարակուսանքով են ընդունվել»։

«Երբ մենք կստանանք պաշտոնական պատասխանը, այդ ժամանակ կորոշենք հետագա գործողությունները և ռեակցիան»,- նշել է Զախարովան։

***

Հոկտեմբերի 25-ին հայտնի էր դարձել, որ արգելվել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը ԱԺ ղեկավարության անունից գրություն էր ուղարկել Զատուլինին, որում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության հասցեին նրա վերջին հրապարակային հայտարարությունները վնասում են երկու պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

RT հեռուստաալիքի և Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Թվիթերի իր էջում հայտնել էր, որ իր մուտքը Հայաստան ևս արգելվել է։

Մեկնաբանել