Փաշինյանը պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որը կերկարաձգի ԼՂ-ում ռուս խաղաղապահների մանդատը

Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե ԼՂ հարցով կա ռուսական առաջարկ, որը դրական է Հայաստանի համար ու կա արևմտյան առաջարկ, որը բացասական է Հայաստանի համար. այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին, հաղորդում է news.am-ը։

«Ասում են՝ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրն ու ընդունում է արևմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ոչ մի կապ չունի։ Այն, որ կա ռուսական ու արևմյան ընկալում՝ ճիշտ է, իսկ Հայաստանը ռուսական ընկալման հետ համաձայնել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021 թվականի հունվարին։ Այդ պայմանավորվածությունների ակյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Սա շատ կարևոր նրբություն է, ու մենք պայմանավորվել ենք այդ սցենարի ու պլանի շուրջ»,- ասել է վարչապետը:

Նա նշել է՝ սեպտեմբերին Հայաստանը հենց առաջին հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել ռուսական պլանի իրագործմանը. «Ես ասում եմ, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը պատրաստ եմ պաշտոնապես ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հայտարարության ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթն ու ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում երկարացվի 10-20 տարով. «Ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել: Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց Ռուսաստանը պիտի պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պետք է մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է, ու եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք, կլինենք մեծամասնություն»։

Մեկնաբանել