Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն իր խոսքում նշել է, որ ՀԱՊԿ նիստում ոչ բոլոր հարցերի շուրջ է հաջողվել հասնել կոնսենսուսի, 17 որոշումներից 15-ն ընդունվել:

«Իհարկե, մենք այսօր արդեն քննարկել ենք և կքննարկենք տարածաշրջանային բնույթի հարցեր, տարածաշրջանային անվտանգության հարցեր: Կան բազմաթիվ հարցեր, Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ես խոսեցի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման մասին, որոնք մենք Ձեր օգնությամբ և միջնորդությամբ ընդունել ենք Ադրբեջանի նախագահի հետ: Դրանք շատ կարևոր հարցեր են, որոնք իհարկե պետք է քննարկենք, ինչպես նաև քննարկենք օրակարգը, որը հույս ունենք կբերի մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության»,- ասել է Փաշինյանը։

Իր հերթին Պուտինը՝ խոսելով ՀԱՊԿ նիստի մասին, ընդգծել է, որ հազվադեպ է հաջողվում համաձայնության հասնել բոլոր հարցերի շուրջ։

«Դուք ընդգծեցիք նաև մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, անկասկած, համարվում են դաշնակցային, ունեն խորը հին արմատներ, հաճախ նաև անհրաժեշտություն չկա մտնել պատմության մեջ, մեզ համար առանց այդ էլ պարզ է ինչ է դա, ինչպիսի նշանակություն այն ունի մեր երկկողմ հարաբերությունների համար: Երբ հանդիպեցինք, ավտոմեքենայով գալիս էինք, քննարկեցինք տարածաշրջանային բնույթի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում կարգավորմանը վերաբերող հարցեր, խոսեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Շատ ուրախ եմ, որ այսօրվա միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կա»,- նշել է ՌԴ նախագահը։

Մեկնաբանել