Ազգային անվտանգության ծառայությունը կարծում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ունի բժշկի կարիք։ Կառավարությունը նոյեմբերի 24-ին ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկել խորհրդարան։
Ի շարս այլ՝ նոր կարգավորումների, ԱԱԾ-ն նախագծի հիմնավորումներում նշել է. «Ներկայում օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորումներում։
ԱԺ նախագահին բժշկով ապահովելու նախագիծ շրջանառվել էր այս տարվա ապրիլից։ Այն աղմուկ բարձրացրեց, որից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ երբ նախագիծը գա խորհրդարան, ինքը կառաջարկի այս կարգավորումը տարածել ԱԺ հաջորդ նախագահի վրա։