Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով զոհված 13 հայ զինծառայողի մարմին, հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին»,- տեղեկացնում է Թորոսյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայից հետո հայկական կողմը հայտարարել է 200-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։

Ադրբեջանը 10 հայ զինծառայողի մարմին էլ փոխանցել էր հոկտեմբերի 27-ին։ Սեպտեմբերի հարձակումից ի վեր Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է 150 զոհված զինծառայողի դի։

Մեկնաբանել