Հենրիխ Առաջին թագավորը. Football.ua

Ուկրաինական Football.ua կայքը մեծ հոդված է նվիրել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ վերնագրելով այն «Հենրիխ Առաջին թագավորը»։

Հոդվածագիրը գրում է, որ ամեն մրցաշրջանի ավարտից հետո կայքը որոշում է առաջնության լավագույն ֆուտբոլիստին։ Անցած մրցաշրջանի վերջում այդ կոչմանը հավակնում էին երեքը՝ Անդրեյ Յարմոլենկոն, Հենրիխ Մխիթարյանը և Վիլիանը։ Հետո մնացին երկուսը, որոնց մեջ էր նաև Մխիթարյանը։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո, լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վիլիանը։ Կայքի հոդվածագիրը հարց է տալիս, որ եթե այն ժամանակ լավագույն խաղացող դարձած լիներ Մխիթարյանը, ապա հիմա ստիպված էինք լինելու նրան կոչել լավագույններից լավագու՞յն կամ ԹԱԳԱՎՈ՞Ր։ Բացի այդ էլ՝ Հենրիխի անունը սազում է դրա համար, քանի որ կրում է անցած հազարամյակի հայտնի միապետերի անունը։

Այնուհետև հոդվածագիրն անդրադարձել է «Շախտյորում» Հենրիխի վերելքի պատմությանը, այդ գործում Միրչա Լուչեսկուի դերակատրությանը։ Նշվում է, որ Հենրիխի հաջողությունները չեզոքացրին բոլոր այն պնդումները, որ «Շախտյորը» բրազիլական թիմ է։ Մխիթարյանի ռեկորդներն, ըստ հոդվածագրի, պատահական չեն, դրանք հստակ կառուցված համակարգի և մարտավարական աշխատանքի արդյունք են։ Ժադոսոնի փոխարինումը Մխիթարյանով թիմի խաղը դարձնում է ավելի արագ և դարպասներին միտված։ Լուչեսկուն, ի վերջո, կարողացավ Մխիթարյանի համար գտնել կատարյալ տարբերակ, երբ առավելագույն օգուտ է ստանում թե՛ թիմը և թե՛ ֆուտբոլիստը՝ անհատական զարգացման տեսանկյունից։

Բացի այդ, ինքը՝ Հենրիխ Մխիթարյանն, էլ է ձգտում սեփական կատարելագորման։ Դրան նպաստել են տարբեր ստուգատեսերը, ստաժավորումները, այլ ֆուտբոլային մշակույթների հետ շփումը։ Նա հակված է ուսման և զարգացման։ Պատահական չէ, որ Լուչեսկուն հայտարարում է՝ Մխիթարյանը չի կարող կես ուժով խաղալ, ամեն դրվագում նա մեխանիկորեն գործում է հնարավորությունների առավելագույնի չափով։ Հոդվածագիրն ամփոփում է, որ թե՛ Հենրիխ Մխիթարյանը և թե՛ «Շախտյորն» անհավանական մարզավիճակում են, և հիմա նրանց կարողություններն անհրաժեշտ է փորձարկել ավելի ուժեղ մրցակիցների վրա։ Իսկ նման հնարավորությունը նրանք կունենան շուտով՝ աշնանը մեկնարկելիք Չեմպիոնների լիգայի ժամանակ։

Մեկնաբանել