Ռուբեն Վարդանյանն առաքող և արտադրող ընկերությունների հետ քննարկել է պարենային անվտանգության հարցեր

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից։

«Խորհրդակցության մասնակիցները հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար: Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում»,- ասված է հաղորդագրությունում։

***

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 16-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել