Երևանի տրանսպորտի ուշացող բարեփոխումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Երևանի քաղաքային իշխանությունները տրանսպորտային համակարգի բարեփոխման խոստումներ տվել են գրեթե ամեն տարի, սակայն հանրային տրանսպորտի խնդիրները շարունակում են արդիական մնալ։

«Տրանսպորտի փոփոխությունները բաղկացած են մի քանի կոմպոնենտից՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների կառավարում, երթևեկության կազմակերպում և միասնական տոմսային համակարգ»,- հենց այսպես էր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը վերջերս ուղենշել Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումները։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Երևանում տրանսպորտային համակարգի իրականացված և չիրականացված բարեփոխումները՝ ըստ վերոնշված կոմպոնենտների։

Տրանսպորտային միջոցների կառավարում

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի ապրիլին հայտարարել էր, թե 2022-ի հոկտեմբերին հանրային տրանսպորտի կառավարման կենտրոնը պատրաստ կլինի։ Այս վերջնաժամկետը նա վերահաստատել էր նաև հունիսին։

Սակայն մինչ այսօր տրանսպորտի կառավարման կենտրոնը, որը պետք է հետևեր հանրային ավտոբուսների ճշգրիտ աշխատանքին, չի գործարկվել։ Համայնքային ավտոբուսներն ուշանում են, իսկ երեկոյան ուշ ժամերին հաճախ պարզապես չկան, չնայած պետք է գործեն մինչև կեսգիշեր։

Քաղաքապետը նաև խոստացել էր, որ հոկտեմբերին խափանված մանուշակագույն «Hager» ավտոբուսները վերանորոգված կլինեն, սակայն վերջին տվյալներով՝ դեկտեմբերի դրությամբ, եղած 249 «Hager»-ներից 108-ը խափանված է։

Այս թեմաներին #CivilNetCheck-ը անդրադարձել է առանձին հրապարակմամբ։

Միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ

Երևանի քաղաքային իշխանությունների՝ հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման խոստումները գալիս են առնվազն 2016-ից, սակայն վերջին երկու տարում այդ մասին առավել հաճախ է խոսվում։

Դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն էր 2021-ի հուլիսին հայտարարել մինչև 2021-ի աշուն համակարգի ներդրման մասին։ Քաղաքապետարանը մրցույթ էր հայտարարել, որտեղ «Թելսել» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել։

Քաղաքապետարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ մրցույթի հաղթող «Թելսել» ընկերության հետ պայմանագիր չէր կնքվել, քանի որ որոշ անհամաձայնություններ էին եղել, և մրցույթը չեղարկվել էր։ 2022-ի նոյեմբերին նոր մրցույթ էր հայտարարվել, որի հաղթող ճանաչվել է կրկին «Թելսել»-ը։ Երբ համակարգը կներդնվի, անհայտ է։

Տրանսպորտային միջոցների ձեռքբերում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի փետրվարին հայտարարել էր 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման ծրագրի մասին, որոնք տարեվերջին պետք է լինեին Հայաստանում։ Մեկ ամիս անց արդեն նա հայտնել էր ներկրվող 12 մետրանոց ավտոբուսները 100 հատ կլինեն։

Ավելի ուշ՝ 2022-ի մայիսին պարզ դարձավ, որ 100-ի փոխարեն ձեռք կբերվի 87 հատ 12 մետրանոց «MAN» ավտոբուս, որոնց ներկրման պայմանագրային վերջնաժամկետ քաղաքապետ Սարգսյանը տարեվերջի փոխարեն արդեն նշում էր 2023-ի ապրիլը։

Դեկտեմբերին 5-ին «Ազատության» եթերում Սարգսյանը, հակասելով ինքն իրեն, հայտնեց, որ պայմանագրով ավտոբուսները պետք է լինեին 2023-ի հուլիսին, բայց մինչև հունվարի վերջ ամբողջ խմբաքանակը (87 հատ) հասած կլինի։ Դեկտեմբերի 26-ին տեղեկացրեց, որ այս 12 մետրանոց ավտոբուսներից չորսն արդեն Երևանում են։

Պատմությունը նույն է նաև 8,6 մետրանոց «Jhong Tong» ավտոբուսների և «Yutong» տրոլեյբուսների դեպքում՝ նախ ազդարարվել էր 8,6 մետրանոց 100 նոր ավտոբուսի և 10 տրոլեյբուսի ձեռքբերման մասին, բայց շուտով հայտարարվեց «մինչև տարեվերջ» 150 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ներկրման մասին։

Հոկտեմբերին քաղաքային իշխանությունները սկսեցին ակտիվորեն խոսել, որ մինչև տարեվերջ բերվող ավտոբուսները (8,6մ) կլինեն 165, իսկ տրոլեյբուսները՝ 30 հատ։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նոյեմբերի 2-ի հրապարակման մեջ բերվող ավտոբուսների թիվը կրկին դարձավ 150, տրոլեյբուսներինը՝ 15։

Ինչով էր պայմանավորված ավտոբուսների ու տրոլեյբուսների թվի և փոփոխված ժամկետների խառնաշփոթը՝ անհայտ է, սակայն պարզ է, որ դրանց մինչև տարեվերջ Երևանում լինելու խոստումը չի կատարվել։

Դեկտեմբերի 28-ին տված հարցազրույցում քաղաքապետը հայտնել է, որ վերոնշված բոլոր տրանսպորտային միջոցները Երևանում կլինեն 2023-ի հունվարին։

Երթեկության կազմակերպման բարեփոխումներ

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը չվերականգնվեց

2022-ի մայիսին Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհի մի հատվածը, ավելի քան մեկ ամիս ճաքած մնալուց հետո, փլուզվեց։ Պատճառը, պարզվեց, ճանապարհի հարակից տարածքում «ՍահակյանՇին» ՓԲԸ-ի կողմից շինարարական նորմերի խախտումներով շենքի կառուցումն էր։

Հրաչյա Սարգսյանը օրեր անց՝ մայիսի 24-ի ավագանու նիստում հայտարարել էր, որ «ՍահակյանՇին»-ը կվերակառուցի ճանապարհը «այն տրամաբանությամբ, ինչ որ կար մինչև փլուզումը»։ Արդեն հուլիսի 13-ին քաղաքապետարանը հայտնեց, որ «Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է»։

Իրականում, սակայն, փլուզված մասը չէր վերականգնվել և մինչ այժմ շարունակում է փակ մնալ, իսկ ճանապարհը գործում է միայն երեք երթևեկելի գոտիով՝ նախկին չորսի փոխարեն։ Ավելին, համաձայն քաղաքապետարանից ստացված պատասխանի՝ ճանապարհի ամբողջական վերականգնումը անորոշ է։

Քաղաքապետարանում անորոշ է նաև, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է վերականգնելու «ՍահակյանՇին»-ի աշխատանքների հետևանքով փլուզված ճանապարհը, եթե վերջինս զրկվի շինարարության լիցենզիայից, համաձայն ՔՏՀԱ տեսչական մարմնի դիմումի։

Այս թեմային ևս նախկինում առավել մանրամասն անդրադարձել էինք։

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը կրկին հետաձգվում է

Երկուսուկես տարի առաջ՝ 2020-ի հուլիսին, Երևանի քաղաքապետարանը ավետել էր Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի՝ Հարավարևմտյան թաղամասի հատվածի շինարարության մեկնարկի մասին, որը նախատեսվում էր ավարտել 2021-ի երկրորդ կեսին։ 2020-ի հոկտեմբերին քաղաքապետարանը հայտնեց, որ ընդհամենը երկու ամսով կդադարեցվի այս հատվածում երթեկության ուղղություններից մեկը։

2022-ի հունիսին Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ ճանապարհի այս հատվածում շինարարություը կավարտվի ամիսներ անց։

«Բ4 թաղամասի բնակիչներին, կարող ենք ասել, պատանդ ենք իրենց վերցրել։ […] Բ4-ի մասով թաղամասի այդ մասում շինարարությունը մենք այս տարի հոկտեմբերին ամբողջությամբ կավարտենք»,- ասել էր Սարգսյանը։

Վերջնաժամկետը, սակայն կրկին տեղափոխվել էր, այս անգամ՝ մինչև 2022-ի տարեվերջ։

#CivilNetCheck-ին քաղաքապատարանից հայտնեցին, որ ճանապարհի շինարարության ավարտի վերջնաժամկետը կրկին տեղափոխվել է՝ 2023թ-ի հուլիս։

Արշակունյաց-Իսակովի կամուրջի մրցույթը չհայտարարվեց

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի հունիսին «Ազատության» եթերում, խոսելով տրանսպորտային բարեփոխումների մասին, հայտնել էր, որ մինչև տարեվերջ կհայտարարվի Արշակունյաց-Իսակովի կամուրջ կառուցելու համար մրցույթը։

Ծրագրով նախատեսված կամուրջը և ճանապարհը, որոնք միացնելու են Իսակովի և Արշակունյաց փողոցները, պետք է լրջորեն թեթևացնեն Երևանի երթևեկությունը։

Քաղաքապատարանից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ Արշակունյաց-Իսակովի կամուրջի կառուցման մրցույթը չի հայտարարվել և այն կհայտարարվի միայն վարկային համաձայնագրի բանակցություններից և հաստատումից հետո:

Միաժամանակ նշենք, որ անցնող տարվա ընթացքում շահագործման են հանձնվել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը՝ Հրազդանի վրա կառուցված կամուրջով, ինչպես նաև Արաբկիր թաղամասում Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցները իրար միացնող ճանապարհահատվածը։

Մեկնաբանել