Կարմիր Խաչի միջնորդությամբ ևս երեք հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ ևս երեք հիվանդ այսօր` հունվարի 12-ին, Արցախից տեղափոխվել է Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 19 հիվանդ։

Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

««Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն մեկ ամիս է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել