Լավրովը Բայրամովի հետ զրույցում կոչ է արել շուտափույթ կերպով ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Ադրբեջանին շուտափույթ կերպով ապաշրջափակել Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքով տեղաշարժը: Հունվարի 17-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։

«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի մի շարք ակտուալ հարցեր։

Ռուսական կողմից ընդգծվել է անհրաժեշտությունը՝ շուտափույթ կերպով լիարժեքորեն ապաշրջափակել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայատարարությամբ ամրագրված չափորոշիչների։ Ընդգծվել է նաև հարակից բոլոր հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ նպատակ ունենալով վերսկսել համակարգային աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային ուղղություններով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատրվակով փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 38 օր է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Հունվարի 18-ին Ադրբեջանը հերթական անգամ խափանեց Արցախի գազամատակարարումը, որը կարճ ժամանակով վերականգնվել էր նախորդ օրվա երեկոյան։

Մեկնաբանել