Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել

Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների չկայացած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարում է եռակողմ նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք, որ «գետնի վրա» պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է բանակցային գործընթացը «սառեցնելու» պատճառ դառնան»։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահներն ու ԱԳՆ-ն մշտական կապի մեջ են կողմերի հետ․ «Կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը»,- ասել է նա։

***

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել էր հետաձգել այն՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 47-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել