Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մարտի 2-4-ը Հնդկաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին նշվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։
«Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները»,- ասվում է հաղորդագրությունում։
Հատկանշական է, որ երկու երկրների ռազմական ղեկավարների հանդիպման մասին Հնդկաստանի ԳՇ թվիթերյան էջը հայտնել էր դեռ երկու օր առաջ։
Maj Gen Edward Asryan, Chief of General Staff, #Armenia interacted with General Anil Chauhan, #CDS on issues of mutual and regional security interests, identifying areas to augment #DefenceCooperation including opportunities to leverage indigenous defence manufacturing industry. pic.twitter.com/ntN02ITwKr
— HQ IDS (@HQ_IDS_India) March 4, 2023
Նախորդ ամիս Հնդկաստան աշխատանքային այցով մեկնել էր նաև պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը, հանդիպել Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։