Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Մոսկվա

Մարտի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպմանը կհաջորդի երկու երկրների արտաքին գործերի նախարարների մամուլի ասուլիսը:

Միրզոյանի այցին ընդառաջ հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Լավրով առաջիկա հանդիպումը համարելով «Մոսկվայի և Երևանի միջև բոլոր մակարդակներում ավանդական սերտ շփումների շարունակությունը»։

«Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։

Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։

Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ նապատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը»,- նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել