Թուրքիան ամրապնդում է իր դերը գազի միջազգային շուկայում. Petrostrategies

Հոդվածը հրապարակվել է էներգետիկայի հարցերում մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնի World Energy Weekly պարբերականում (ապրիլի 10-ի թողարկում)։

Թուրքիայի հաջորդ նախագահը (որի անունը հավանաբար հայտնի կդառնա 2023-ի մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլից հետո) կունենա գազի ռազմավարության բազմաթիվ տարբերակներ:

Նախ, Սև ծովում զգալի քանակությամբ գազ է հայտնաբերվել. երկրորդ, Թուրքիայի գազի պահանջարկը գործնականում ստատիկ է և ակնկալվում է, որ կնվազի։ Գտնվելով մի քանի խոշոր տարանցիկ գազատարների խաչմերուկում (նկատի ունենանք նաև Թուրքիայի հեղուկ բնական գազի ներմուծման հինգ տերմինալները) թույլ են տալիս դիտարկել հնարավոր բոլոր տարբերակները, ինչպիսիք են․

ա) գազի ներկրման ծավալների կրճատում և մատակարարներների ընտրություն՝ ըստ տնտեսական և քաղաքական չափորոշիչների,

բ) ամենաէժան գազի ներկրման շարունակություն, և թուրքական գազի արտահանում հնարավոր ամենաբարձր գնով և շահույթներ այդ տարբերությունից,

գ) առաջնահերթություն մատակարարման անվտանգությանը և գազի աղբյուրների բազմազանեցմանը:

Լրացուցիչ տարբերակներ կարող են ի հայտ գալ, եթե Սև ծովում ավելի շատ գազի պաշարներ հայտնաբերվեն և/կամ ավելի շատ գազի տարանցում իրականացվի Թուրքիայի տարածքով:

2023-ի հունվարին հրապարակված Թուրքիայի ազգային էներգետիկ ծրագրի հիմնական եզրակացությունների համաձայն՝ ակնկալվում է, որ Թուրքիայում գազի սպառումը կաճի չափավոր տեմպերով մինչև 2030-ը, որից հետո գազի սպառումը կնվազի վերականգնվող և միջուկային էներգիայի ավելացման պատճառով: Երկրում գազի սպառումը 2021-ին աճել է մինչև 56,7 մլրդ խմ, իսկ 2022-ին իջել մինչև 53 մլրդ խմ։

Ծրագրով ակնկալվում է, որ մինչև 2025-ը Թուրքիայի գազի պահանջարկը կհասնի 52 մլրդ խմ-ի, այնուհետև 2030-ին կավելանա մինչև 57 մլրդ խմ, իսկ մինչև 2035-ը կնվազի մինչև 55,5 մլրդ խմ:

Թուրքիան նպատակ ունի մինչև 2053-ը հասել զրոյական արտանետումների: Ներկայում գազին բաժին է ընկնում երկրում էլեկտրաէներգիայի արտադրության 33%-ը, իսկ ածխին՝ 31%-ը: Այնուամենայնիվ, էներգիայի այս երկու աղբյուրների համակցված մասնաբաժինը, ըստ Թուրքիայի ազգային էներգետիկ ծրագրի, պետք է սահմանափակվի մինչև 34% 2035-ին։

Ատոմային էներգիայի մասնաբաժինը (որն այժմ զրոյական է) մինչ այդ պետք է հասնի 11%-ի, իսկ վերականգնվող աղբյուրները (ներառյալ հիդրոէներգիան) պետք է ապահովի մնացածը (65%)։ Ապրիլի վերջին տեղի կունենա Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ Ռուսաստանի կողմից կառուցված «Աքքույու» ատոմակայանի պաշտոնական բացման արարողությունը (Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ): Այն կունենա 1200 ՄՎտ հզորությամբ չորս ռեակտոր։

Սև ծովում գտնվող «Սաքարյա» գազի հանքավայրում արդյունահանումը կսկսվի ապրիլի վերջին (ապրիլի 21-ին՝ Ռամադանի ավարտի օրը)։ 2020-ի վերջին հայտնաբերված և 2 100 մետր խորությամբ (ծովի մակերևույթից՝ 4 775 մետր խոր), Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների մերձակայքում գտնվող այս հանքավայրում և հարակից աղբյուրներում գազի պաշարները գնահատվում են 710 մլրդ խմ։

Սկզբում գազը կարդյունահանվի օրական 10 մլն խմ ծավալով (տարեկան մոտ 3,6 մլրդ/խմ), իսկ 2027-ին կամ 2028-ին կհասնի օրական 40 մլն խմ-ի (տարեկան մոտ 14,6 մլրդ խմ): Հետազոտությունները, սակայն, շարունակվում են, և հնարավոր է, որ Սև ծովում դեռ նոր պաշարներ հայտնաբերվեն։

Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի (Oxford Institute for Energy Studies)՝ 2022-ի ապրիլին հրապարակած հաշվարկների համաձայն՝ Թուրքիան ունի գազի և հեղուկ բնական գազի՝ տարեկան ավելի քան 62 մլրդ խմ գնման գործող պայմանագրեր (և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ): Թուրքիայի Botas պետական ընկերությանը բաժին է ընկնում ներմուծման 75%-ը, մնացածը կարելի է վերագրել յոթ «մասնավոր» ընկերությունների, այդ թվում՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը։

Ներմուծման մի քանի պայմանագրերի ժամկետը նախատեսված է մինչև 2025-ի վերջը: Առաջինը` Ալժիրի Sonatrach-ի հետ է, որով Botas-ը տարեկան 5,5 մլրդ խմ հեղուկ բնական գազ է գնում: Պայմանագրի ավարտը 2024-ի դեկտեմբերի 1-ն է: Երկու այլ պայմանագրերի համաձայն, որոնք ավարտվում են 2025-ի դեկտեմբերի 31-ին, Botas-ը «Գազպրոմից» տարեկան 5,75 մլրդ խմ գազ է գնում «Թուրքական հոսք» գազատարով։

Թուրքիայի գազի ներկրման ամենամեծ պայմանագիրը, որը ներառում է Botas-ի կողմից «Երկնագույն հոսք» գազատարով «Գազպրոմից» տարեկան 16 մլրդ խմ գնումը, նույնպես ավարտվում է 2025-ի վերջին: Թեև Sonatrach-ի և «Երկնագույն հոսքի» հետ Botas-ի պայմանագրերում գազի գինը 100%-ով փոխկապվում է նավթի գնի հետ, «Թուրքական հոսք» գազատարի պարագայում գինը 30%-ով է փոխկապվում նավթի գնի և 70%-ով գազային հանգույցի (հավանաբար՝ TTF-ի՝ Նիդեռլանդներում գործող գազի առցանց սակարան) հետ։

Կարճաժամկետ հեռանկարում, հավանաբար, պետք է հետևել այս պայմանագրերի ճակատագրին՝ հասկանալու, թե գազային ինչ ընտրություն կկատարեն թուրքերը, երբ սկսեն արդյունահանել իրենց սեփական գազը, և երբ գազի և քարածխի այլընտրանքները (վերականգնվող և միջուկային էներգիա) ավելի լայնորեն սկսեն օգտագործվել էլեկտրաէներգիայի արտադրության համար: Այս պայմանագրերը, որոնց ժամկետները մոտենում են ավարտին, տարեկան ընդհանուր 27,15 մլրդ խմ ներմուծման մասին են:

Թուրքիայի գազի ներմուծման մյուս պայմանագրերը (ավելի երկարաժամկետ) կարելի է բաժանել երեք խմբի։ Առաջինը ներառում է Ադրբեջանից գազ գնելու երկու պայմանագիր («Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատար և TANAP): Սա Թուրքիայի կողմից գնվող ամենաէժան գազն է, որը մատակարարվում է Թուրքիային ներկայում քաղաքականապես ամենամոտ երկրից։ «Մեկ ազգ, երկու պետություն»-ը հայտնի կարգախոս է Բաքվում և Անկարայում:

Ադրբեջանը ճիտին պարտք ունի Անկարային 2020-ի վերջին Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի համար, և Թուրքիան նրա միակ տարանցիկ ուղին է դեպի Եվրոպա, որը ադրբեջանական գազի արտահանման միակ շուկան է։ Հետևաբար, Անկարան կարող է Ադրբեջանից ստանալ գրեթե ամենը, ինչ ուզում է, այդ թվում նրա գազի մի մասի վերավաճառքը Եվրոպա, հատկապես, եթե (ինչպես ենթադրվում է) Բաքուն ձգտում է գազի արդյունահանման ծավալները մեծացնե, ինչը պահանջում է Եվրամիությունը:

Պայմանագրերի երկրորդ խումբը Botas-ին կապում է Իրանի և Ռուսաստանի հետ: Իրանական պայմանագիրն ամբողջությամբ նավթի վրա է հիմնված և ներառում է զգալի ծավալ՝ տարեկան 9,6 մլրդ խմ: Սակայն պայմանագրով սահմանված առավելագույն այս սահմանաչափը հազվադեպ է հասանելի, և Անկարայի ու Թեհրանի միջև վեճերը (գազի գնի, «որակի» և այլնի շուրջ) բավական հաճախ են լինում։

Պայմանագրի ժամկետը լրանում է 2026-ի հուլիսի վերջին, և այն երկարաձգելու կամ չերկարաձգելու քաղաքական և առևտրային բանակցությունները խոստանում են լարված լինել: Ի լրումն պայմանագրերի, որոնք ավարտվում են 2025-ին, Botas-ը Ռուսաստանի հետ ունի երեք փոքր պայմանագիր՝ տարեկան ընդհանուր 5 մլրդ խմ ծավալով: Դրանց գինը 30%-ով փոխկապվում է նավթի և 70%-ով գազային հանգույցների հետ, և վերջնաժամկետը 2043-ն է: Եթե ռուս-թուրքական քաղաքական հարաբերություններում լուրջ բեկում տեղի չունենա, այդ պայմանագրերը կընթանան ըստ նախատեսվածի։

Ներմուծման պայմանագրերի երրորդ խումբը, որը վերաբերում է հեղուկ բնական գազին, ամենաբազմազանն է և ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պայմանագրեր։ Հեղուկ բնական գազ ներմուծվում է երեք` ոչ լրիվ հզորությամբ օգտագործվող տերմինալներով, որոնց տարեկան տարողությունը կազմում է տարեկան 15,15 մլն տոննա (ի լրումն Botas-ի երկու ափամերձ տերմինալների՝ Marmara Ereglisi-ի և Izmir Aliaga-ի միջոցով ներմուծվող հեղուկ բնական գազի, որոնք արդեն նշվել են):

Անկախ նրանից, թե Թուրքիան ինչ ընտրություն կկատարի գազի և հեղուկ բնական գազի ներկրման պայմանագրերում՝ կա մեկ ճանապարհ, որից նա երբեք չի հրաժարվի՝ զարգացնել սեփական դերը որպես գազի տարանցիկ ուղի դեպի Եվրոպա, ինչը թույլ է տալիս շահույթ ստանալ, ամրապնդել իր պաշարների անվտանգությունը և քաղաքական զգալի լծակներ ունենալ Եվրամիության հետ բանակցություններում։

Նրա ամենաառաջատար նախագիծը TANAP գազատարի հզորության կրկնապատկումն է, որը ներկայում տարեկան մոտ 11 մլրդ խմ ադրբեջանական գազ տեղափոխում է հարավային Եվրոպա: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Անկարան անհանգստանալու շատ բան չունի. եթե Եվրամիությունը մի օր (ենթադրենք) որոշի իրանական գազ ներկրել, ապա նա կկարողանա դա անել միայն Թուրքիայի տարածքով (եթե իրանցիները ի վերջո չկարողանան զարգացնել իրենց հեղուկ բնական գազի արտահանման ոլորտը):

Մնում է Ռուսաստանից և Արևելյան Միջերկրական ծովից եկող գազը: Ուկրաինա ներխուժելուց և իր դեմ էներգետիկ պատժամիջոցներից ի վեր՝ Ռուսաստանը մեծ կախվածություն է ձեռք բերել Թուրքիայից գազի (և մեծ քանակությամբ նավթի) արտահանման համար: Վլադիմիր Պուտինը Թուրքիային առաջարկել է ռուսական գազի հանգույցի դեր, սակայն երկու կողմերի միջև բանակցությունները բավական դանդաղ են ընթանում (և չպետք է մոռանալ, որ Եվրոպան ասելիք կունենա, երբ ժամանակը գա):

Ավելի հարավ EastMed գազատարի նախագիծն է, որը Իսրայելից Կիպրոսով պետք է անցնի Հունաստան։ Այն նոր խթան է ստացել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Այնուամենայնիվ, Թուրքիան կարող է լրջորեն վիճարկել այս նախագիծը և՛ քաղաքական, և՛ իրավական առումով՝ պնդելով, որ գազամուղը պետք է անցնի իր տարածքային ջրերով, որոնք նա ընդլայնել է ընդհուպ մինչև Լիբիայի ջրային տարածք՝ 2019-ի նոյեմբերին: Մի խոսքով, գազի ոլորտում աշխարհում քիչ երկրներ ունեն այդպիսի հարուստ և բազմազան տարբերակներ:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English: Turkey moves to strengthen its role on the international gas market: Petrostrategies

Մեկնաբանել