Ատեստավորումը քննարկվում է, բայց չի մեկնարկում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանում առնվազն 2022-ի օգոստոսից ակտիվորեն քննարկվում է պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև ոստիկանների և փրկարարների համար կամավոր ատեստավորման համակարգի ներդրման գործընթացը, որով նախատեսվում է հավելավճար տրամադրել որակավորումը հաղթահարած ծառայողներին։

Թեև կառավարության անդամները պարբերաբար խոսում են այս թեմայով, սակայն պարզվում է՝ բուն ատեստավորման գործընթացը դեռ չի մեկնարկել։

Այսպես, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2022-ի նոյեմբերի 24-ի նիստում հայտարարել էր, որ ներքին գործերի նախարարության ձևավորման մեկնարկից պետք է սկսվի նաև ոստիկանների և փրկարարների ատեստավորման գործընթացը։

«Հենց ներքին գործերի նախարարության ձևավորման մեկնարկից մենք պետք է արդեն սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը»,- հայտնել էր Փաշինյանը։

Ներքին գործերի նախարարությունն արդեն իսկ ձևավորվել է (2023-ի հունվարից), սակայն վարչապետի պնդումներին հակառակ՝ նախարարության կազմում գործող ոստիկանութան և փրկարար ծառայության ատեստավորման գործընթացը չի մեկնարկել։ Այս մասին #CivilNetCheck-ին հայտնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների ատեստավորման համակարգի ներդման մասին օրենսդրական փոփոխությունների նախագծերը միայն այս տարի՝ 2023-ի փետրվարին դրվեցին հանրային քննարկման։ Օրեր առաջ՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը։

Չնայած e-draft.am-ում տեղարդված նախագծերում նշվում էր, որ ՆԳՆ-ում ատեստավորման գործընթացը մեկնարկելու է 2023 թվականի ապրիլից, սակայն օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու մայիսին։ Թե երբ կսկսի բուն ատեստավորման գործընթացը՝ անհայտ է։

Պաշտպանության նախարարությունը զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման էր դրել ավելի վաղ՝ 2022-ի օգոստոսին, ԱԺ-ի կողմից այն ընդունվել է 2022-ի դեկտեմբերին։ Արդեն կառավարության կողմից որակավորման կարգը հաստատվել է 2023-ի փետրվարին։

«Ներկայում որևէ զինծառայող չի ատեստավորվել, ըստ այդմ լրավճար ստացող զինծառայող ևս չկա»,- հայտնեց նախարարությունը՝ մոտ երկու ամիս ուշ պատասխանելով մեր հարցմանը։

Մեկնաբանել