«Ամեն ինչ անում ենք երեխաների լարվածությունը թուլացնելու համար»․ Մեծ Շենի ուսուցիչ

Մեծ Շեն գյուղը

Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքները 2022-ի դեկտեմբերի 12-ից կտրվել էին ամբողջ Արցախից, սակայն ցամաքային կապ ունեին Հայաստանի հետ: Ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ Հայաստանի սահմանին, ապօրինի անցակետ տեղադրելուց հետո, այս չորս համայնքները հայտնվեցին կատարյալ շրջափակման մեջ՝ կտրվելով ոչ միայն Երևանից, այլև Ստեփանակերտից: Մեծ Շենի դպրոցի պատմության ուսուցիչ Սամվել Թավադյանը ՍիվիլՆեթին պատմեց գյուղում ստեղծված իրավիճակի մասին։

Սամվել Թավադյանը

Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո ինչպե՞ս է կյանքը փոխվել գյուղում, ի՞նչ խնդիրներ են առաջացել։

– Նիցշեն ասում էր. «Երբ տունը այրվում է, մոռանում են նաև սնվելու մասին, բայց հետո մոխիրների վրա տեղը հանում են»: Սննդի պաշարները գրեթե սպառվում են, ալյուրի, ձեթի և առաջին անհրաժեշտության այլ սնդդամթերքի կարիք կա: Մյուս կողմից էլ կանխիկ գումարի խնդիր կա: Եթե մինչ այդ գումարը կանխիկացնում էինք Հայաստանում, ապա հիմա այդ հնարավորությունը չկա: Դվժարություններ են առաջացել անասնապահությամբ և մեղվաբուծությամբ զբաղվորների համար, ոմանց անասնակեր է անհրաժեշտ, մյուսներին՝ մոմաթերթ: Սակայն ամենախնդրահարույցը բուժծառայության անհասանելիությունն է: Վերջերս աշակերտներից մեկը ձեռքի վնասվածք էր ստացել, մեր բուժկետում գիպսակապել են, բայց ռենտգեն հետազոտություն պետք է իրականացնել: Մարդիկ կան, որոնք ատամնաբույժի կարիք ունեն և չգիտեն՝ ում դիմել:

Ինչպե՞ս եք կազմակերպում դասապրոցեսը։ Արդյոք աշակերտները ճնշվա՞ծ են իրենց զգում, ի՞նչ եք անում երեխաների հոգեբանական լարվածությունը հանելու համար, եթե նման խնդիր կա, իհարկե։

Մեծ Շենի դպրոցը

– Իհարկե, իրավիճակը ճնշվածություն և անհանգստություն է առաջացնում: Սակայն ամեն ինչ անում ենք լարվածությունը մեղմացնելու համար: Աշակերտների հետ միասին սկսել ենք նախագիծ` «Արվեստն արվեստի համար», որի նպատակն է Մեծ Շենում ունենալ կերպարվեստի գործերի մշտական ցուցադրության սրահ: Ծրագրի ընթացքում աշակերտները վերարտադրում են հանրահայտ նկարիչների ստեղծագործությունները: Ստեղծագործական գործընթացը օգնում է երեխաներին կտրվել իրականությունից, հաղթահարել իրավիճակով պայմանավորված լարվածությունը: Երեկոյան էլ ուսուցիչներով և աշակերտներով հավաքվում ենք ու վոլեյբոլ խաղում:

Կարդացե՛ք նաև՝

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել