Նորք-Մարաշը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի մրցույթին ոչ մի ընկերություն չի մասնակցել 

Նորք-Մարաշը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը պետք է սկսվեր ապրիլին, բայց քաղաքապետարանի հայտարարած մրցույթին որևէ ընկերություն չի մասնակցել, ուստի նորն է անցկացվում։

Նորք-Մարաշ վարչական շրջանը Սարալանջի փողոցին կապող այլընտարնքային ճանապարհի շինարարական աշխատանանքների համար հայտարարված մրցույթը չի կայացել։ Այդ մասին մայիսի 8-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ նոր հայտ են իրականացրել մայիսի 4-ին։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս տարի կհասցնեն իրականացնել ծրագիրը, ինչին ի պատասխան Խորեն Գրիգորյանը դրական պատասխան տվեց։

Փոխքաղաքապետը նաև հետաքրքրվեց, թե հասկացե՞լ են արդյոք պատճառը՝ ինչու որևէ մեկը չի մասնակցել մրցույթին։ Խորեն Գրիգորյանի խոսքով՝ չեն հասկացել, սակայն նորից նույն ձևաչափով հրապարակել են նոր հայտը։ Նրա կարծիքով՝ իրազեկվածության խնդիր կար, որը լուծված է։

Այս ճանապարհի մասին հունվարին հայտարարել էր հենց ինքը՝ Տիգրան Ավինյանը՝ պնդելով, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում Գարեգին Հովսեփյան փողոցը նոր ճանապարհով կմիանա Սարալանջի շրջանցիկ ճանապարհին։

«Այս նախագծով կառուցվող ճանապարհը դեպի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջաններ երթևեկելու այլընտրանքային ճանապարհ է: Շինարարական աշխատանքները կսկսենք այս ապրիլին, և հունիսից մարաշցիները կօգտվեն այդքան անհրաժեշտ ճանապարհից»,- վստահեցրել էր Ավինյանը։

Բացի այդ, նա նաև խոսել էր մեկ այլ նախագծի մասին՝ նշելով, որ «Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածից նոր ճանապարհ կկառուցվի դեպի Մյասնիկյան պողոտա, որտեղ նախատեսել ենք կառուցել նաև ուղեանց(էստակադա)»:

«Մասշտաբային նախագծի շինարարական փուլը նախատեսել ենք սկսել հունիս ամսին, իսկ արդեն տարեվերջին մեր քաղաքացիները կերթևեկեն նոր ճանապարհով: Ուղեանցի նախագծային և շինարարական փուլերը նույնպես այս տարի կմեկնարկեն»,- գրել էր Երևանի փոխքաղաքապետը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել