Լավրովի հարազատների մասնակցությամբ հարսանիք Կախեթիում․ ցույցեր և ձերբակալվածներ

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է մոտ քսան հոգու, որոնք բողոքի ցույց են արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մի քանի հարազատների, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող նրա դստեր այցի դեմ, որ ժամանել են հարսանիքի մասնակցելու համար:

Ոստիկանությունը ձերբակալություններն արել է շաբաթ օրը Կախեթիի «Կվարելի լիճ» հանգստավայրի մոտ: Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ղեկավար Էլենե Խոշտարիան։

Երեկոյան ավելի ուշ Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երկու անդամ նույնպես ձերբակալվել է Կախեթիի շրջանի Սագարեջոյի ոստիկանական բաժանմունքի մոտ ցույց անցկացնելուց հետո, որտեղ բերման էին ենթարկվել ցուցարարներից մի քանիսը:

Կվարելիում ակտիվիստները բողոքում էին Լավրովի դստեր տեգոր՝ Միկա (Մոշե) Վինոկուրովի հարսանիքի դեմ, ըստ փեսացուի՝ սոցցանցում արած հրապարակման։

Թե՛ Ալեքսանդր Վինոկուրովը, թե՛ Եկատերինա Վինոկուրովան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո հայտնվել են Արևմուտքի պատժամիջոցների ներքո՝ Կրեմլի հետ սերտ կապերի համար:

Դեպքի վայրում ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ եղել են, որոնք շրջափակել են հանգստավայրը և խոչընդոտել լրագրողներին՝ լուսաբանելու բողոքի ցույցը։ Նույն օրն ավելի ուշ Վրաստանի Լրատվամիջոցների պաշտպանության կոալիցիան դատապարտել է բողոքի ցույցի ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության կողմից ֆիզիկական բռնության գործադրումն ու «նրանց սարքավորումների առգրավումը և մասնագիտական գործունեության իրականացմանն անօրինական միջամտությունը»։

Իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ և կալանքի ընթացքում ժամերով արգելել նրանց փաստաբանների մուտքը:

Վրաստանի պաշտոնյաները, այդ թվում՝ ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, սկզբում խուսափում էին հարսանիքի վերաբերյալ հարցերին պատասխանելուց, սակայն տեղական լրատվամիջոցների ինտենսիվ լուսաբանումից հետո «Վրացական երազանքի» պատգամավոր և առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին հաստատել է, որ Լավրովի դուստրը Վրաստանում է։

Վոլսկին անտեղի է համարել բողոքի ցույցերը, սակայն խոստովանել է, որ Եկատերինա Վինոկուրովային Վրաստան թույլ տալը սխալ էր։ Որպես նմանատիպ կոպիտ սխալ նա նշել է ռուս լրագրող Վլադիմիր Պոզների 2021-ին Թբիլիսի կատարած վիճահարույց այցը:

Նույն օրն ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ներքին գործերի նախարարն իրեն խոստացել է, թե հյուրերը, որոնց նա չի նշել, լքել են երկիրը։

«Ընտանիքը, այն մարդիկ, ովքեր ծրագրել էին այսօր անցկացնել հարսանիքի երկրորդ մասը, չկան»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեին ասել է, որ ցույցերը կարող են լինել «այլատյացության» դրսևորում և զգուշացրել, որ Ռուսաստանը նման պատմություններն օգտագործում է որպես պատրվակ հարևան երկրներ ներխուժելու համար:

«Եթե Կոբախիձեն փորձում է դրա համար հիմքեր պատրաստել, չեմ կարծում, որ մենք դա թույլ կտանք»։

Զուրաբիշվիլին կառավարությանը հորդորել է արևմտյան պատժամիջոցների ներքո գտնվող ռուս գործիչների նկատմամբ սահմանային հսկողություն սահմանել:

Նախագահի բոյկոտն ու ցույցը Թբիլիսիում

Թեև դեռ պարզ չէ, թե ինչպես են Վինոկուրովները մտել Վրաստան, տեղական լրատվամիջոցները նրանց այցի մասին հայտնեցին մայիսի 19-ին՝ Մոսկվա-Թբիլիսի ռուսական առաջին ուղևորային չվերթի վայրէջքից մի քանի ժամ անց:

Չվերթը նշանավորում էր երկու երկրների միջև գրեթե չորս տարվա արգելքի ավարտը և Վրաստանի կառավարության՝ թռիչքներին կանաչ լույս տալու որոշումը:

Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսումը մի քանի բողոքի ցույցերի է հանգեցրել Թբիլիսիում շաբաթվա սկզբին:

Տե՛ս՝ Թբիլիսիում ցույց են արել Ռուսաստանից առաջին ավիաչվերթի դեմ, կան ձերբակալվածներ

Շաբաթ օրը Լավրովի այցի մասին լուրերից հետո նախագահը խոստացել է չօգտվել Georgian Airways-ի՝ վրացական առաջին ավիաընկերության ծառայություններից, որը ռուսական քաղաքներ թռիչքներ իրականացնելու թույլտվություն է ստացել Ռուսաստանից:

Անձրևային շաբաթ օրվա երեկոյան, մինչ ընդդիմադիր ակտիվիստները Կախեթիում բողոքում էին Լավրովի հարազատների այցի դեմ, Թբիլիսիում խորհրդարանի մոտ վերսկսվեց հակակառավարական ցույցը Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների և Ռուսաստանի հետ անայցագիր կարգի դեմ:

Ցուցարարները, որոնք կրում էին Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները, իրենց պահանջների ցանկում ավելացրին Կախեթիում ձերբակալվածների ազատ արձակումը, որից հետո գնացին Հերոսների հրապարակ և ի վերջո ցրվեցին՝ խոստանալով հանրահավաքները վերսկսել երկուշաբթի:

Մեկնաբանել