«Երազում էի անհոգ կյանքի մասին, խաբվեցի». ԱՄՆ անօրինական արտագաղթող հայերի մասին

Նկարազարդումը` Արմինե Ավետիսյանի/OC Media:

Արմինե Ավետիսյան, OC Media

Ընտանիքի և անձամբ իրենց համար ավելի լավ կյանք ապահովելու երազանքը
Հայաստանում ոմանց համար ի վերջո ավարտվում է ԱՄՆ անօրինական արտագաղթով: Սակայն Արևմուտքում ապրելը թանկ է նստում, քանի որ շատերը ստիպված են լինում վաճառել ողջ ունեցվածքը, պատրաստ լինել բանտարկության, վնասվածքներ ստանալուն և նույնիսկ մահվան։

31-ամյա Կարենը (իրական անունը չէ) վաղուց էր երազում ԱՄՆ տեղափոխվելու մասին:

Ամեն ինչ սկսվեց, երբ նա դեռ յոթերորդ դասարանում էր․ հենց այդ ժամանակ նրա մտերիմ ընկերն ու դասընկերը ընտանիքի հետ արտագաղթեցին ԱՄՆ:

«Մենք հաճախ էինք խոսում համացանցում,- OC Media-ին պատմում է Կարենը։- Դասընկերս ընկճված էր, նա բոլորովին նոր միջավայրում էր։ Հետո հարմարվեց, գնաց դպրոց և հաճախ պատմում էր դպրոցի ու իր առօրյայի մասին… նրանք լավ էին ապրում»:

«Տասնհինգ տարեկան էի, երբ ինքս ինձ խոստացա, որ ես էլ կհասնեմ այնտեղ՝ անկախ ամեն ինչից»:

Երբ արդեն դարձավ քսանմեկ տարեկան և ավարտեց պարտադիր ժամկետային զինծառայությունը, Կարենը մշակեց ԱՄՆ տեղափոխվելու ծրագիր, որը նրան հնարավորություն կտար Մեքսիկայով անօրինական ճանապարհով մուտք գործել ԱՄՆ:

«Ես սկսեցի միջնորդ փնտրել, որը կօգներ ինձ իրականացնելու իմ երազանքը,- ասում է նա։- Օրինական ճանապարհով այնտեղ հասնելու շանս ես չունեի»:

Միջնորդներն օգնում են մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխել Միացյալ Նահանգներ՝ յուրաքանչյուր անձի համար 20 000 – 25 000 դոլարի դիմաց: Նրանից պահանջել էին 20 000 դոլար, որը նա այդ պահին չուներ։

«Դա հսկայական գումար էր, սակայն իմ երազանքին հասնելու համար ես պատրաստ էի ամեն ինչի»,- ասում է նա։

Լինելով երիտասարդ, որն իր ամբողջ կյանքն ապրել է ծնողների հետ, Կարենը քիչ բան ուներ իր անունով, բացի Երևանի ծայրամասում գտնվող բնակարանից, որը ժառանգել էր տատիկից: Նա երկար չմտածեց, թե ինչ է ուզում անել բնակարանի հետ, և անմիջապես այն հանեց վաճառքի, հենց հայտնվեց Հայաստանից հեռանալու հնարավորությունը։

Երբ արդեն գումար ուներ, վճարեց միջնորդին, որը նրան ուղարկեց ճանապարհորդության Մեքսիկայի սահմանամերձ քաղաք, «որի անունը [նա արդեն] մոռացել է»։

«Ես այդ երկիրը միայն ֆիլմերում էի տեսել. այն պետք է արկածային մի վայր լիներ,- ասում է նա։- Սակայն գեղեցիկ արկածի փոխարեն դա ինձ համար մղձավանջ դարձավ»։

Շատ հայեր նախընտրում են Մեքսիկայի տարածքով ապօրինի մուտք գործել Միացյալ Նահանգներ․ թեև այդ երկիր մտնելու համար մուտքի վիզա է պահանջվում, դրանից կարելի է լիովին խուսափել՝ ձեռք բերելով Շենգենյան վիզա: Այնուամենայնիվ, քանի որ Մեքսիկայի կառավարությունը փորձում է պայքարել իր տարածքով անօրինական ներգաղթի դեմ, շատ հայեր, ինչպես և Կարենը, հայտնվում են Մեքսիկայի՝ ներգաղթյալների համար նախատեսված բանտերում:

«Ինչպես Մեքսիկան, այնպես էլ բանտը ես միայն ֆիլմերում էի տեսել և բանտախուցը պատկերացնում էի որպես ճաղավանդակով սենյակ, որտեղ պետք է միայն ես լինեի, սակայն ավելի քան 20 մարդ ինձ հետ նստած էր փոքր խցում»,- հիշում է Կարենը:

Նա հավելում է, որ իր խցակիցները, որոնց մեծ մասը նման առաքելություն է ցանկացել իրագործել, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ էին։

«Ես այնտեղ մնացի մոտ տասն օր։ Իմ կերած սնունդն ավելի լավը չէր, քան կենդանիների սնունդը: Ամեն պատառից հետո փսխում էի,- ասում է նա։- Սարսափելին այն ժամանակ էր, երբ թունավորվեցի, և երբ ջուր խնդրեցի, ջուր չկար։ Ինձ ասացին, որ խմեմ զուգարանից»։

«Հասկանում եք, չէ՞։ Ուղիղ զուգարանից… Ես սարսափելի վատ էի զգում, ահավոր ծարավ էի, և հիշում եմ, թե ինչպես հասա զուգարան և փորձեցի հասնել ջրին, երբ այնտեղ մի տղամարդ սկսեց միզել: Բառերով դժվար է նկարագրել այդ քաոսը»։

Կարենը րոպեներն էր հաշվում, թե երբ պիտի ազատ արձակվի սահմանի ամերիկյան կողմում։ Նրա երազանքը, սակայն, անկատար մնաց, քանի որ ազատ արձակվելուց հետո նրան Մեքսիկայից արտաքսեցին Հայաստան։

«Ես ձեզ շատ մեղմ եմ պատմում այն ամենը, ինչ տեսա այդ տասն օրվա ընթացքում։ Ամաչում եմ և չեմ ուզում շատ խոսել,- ասում է Կարենը։- Այդ տասը օրն ինձ համար պատճառ դարձավ, որ այլևս չմտածեմ որևէ երկիր անօրինական մեկնելու մասին»։

Այսօր Կարենն ապրում է Գյումրիում, որտեղ աշխատում է, որպեսզի փակի արտագաղթելու փորձի արդյունքում կուտակած պարտքը և գումար խնայի հիփոթեքով տուն գնելու համար:

«Ես քսանմեկ տարեկան տղա էի։ Ունեի բնակարան Երևանում և լավ ապրելու, հաստատվելու հնարավորություններ, բայց շանսս կորցրի։ Ես վերադարձա ձեռնունայն, և նույնիսկ ավելի շատ պարտքերով, քանի որ տատիկիս բնակարանի վաճառքից ստացված գումարը չէր բավականացնում իմ բոլոր ծախսերը հոգալու համար»,- ասում է Կարենը՝ նշելով, որ եթե երբևէ փորձի գնալ ԱՄՆ, ապա դա կլինի միայն զբոսաշրջիկի կարգավիճակով։

«Ես հասա իմ ընտանիքին»

Լիլիթը (իրական անունը չէ) 39 տարեկան էր, երբ երկու տարի առաջ արտագաղթեց Միացյալ Նահանգներ՝ երեխաների հետ վերամիավորվելու ցանկությամբ պայմանավորված։ Ամուսինը չորս տարի առաջ երեք երեխաների հետ գնացել էր ԱՄՆ և այդ ժամանակվանից Լիլիթին նախապատրաստում էր ճանապարհորդությանը:

«Չորս տարի երեխաներիս չէի տեսել, կարոտից խենթանում էի, պատրաստ էի ամեն ինչի, միայն թե հասնեմ նրանց»,- OC Media-ին ասում է Լիլիթը։

Չկարողանալով օրինական ճանապարհով հասնել իր ընտանիքին՝ նա թողնում է կոսմետոլոգի կարիերան և փորձում Մեքսիկայի տարածքով մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել Ամերիկա: Ուղևորությանը պատրաստվելու համար նրանից երկու տարի և 25 000 դոլար պահանջվեց:

Ամուսինը միջնորդներ էր գտել Լիլիթի փաստաթղթերը մշակելու և նրան արտագաղթելուն նախապատրաստելու համար։ Միջնորդները նրան հանձնարարել էին դիմել Շենգենյան վիզայի համար և Ֆրանսիայից թռչել Մեքսիկա։ Նա իր ճանապարհորդությունը Ամերիկա պետք է սկսեր Մեքսիկայի սահմանամերձ քաղաքից։

Ինչպես Կարենը, այնպես էլ Լիլիթը պետք է ժամանակավորապես պահվեր մեքսիկական բանտում՝ նախքան ԱՄՆ մտնելը։

«[Մեքսիկայի] սահմանը հատելուց հետո ես հայտնվեցի ներգաղթյալների համար նախատեսված բանտում։ Ես այնտեղ մնացի ընդամենը չորս օր, բայց դա կարծես մի ամբողջ կյանք լիներ»,- OC Media-ին պատմում է Լիլիթը: «Ամեն պահ սարսափելի էր. եթե չլիներ երեխաներիս հասնելու կարոտը, ես չէի դիմանա դրան»։

Միջնորդներից մեկն օգնում է ազատ արձակել նրան և տեղափոխել հյուրանոց:

«Ես կարծում էի, որ գոնե մի քիչ այնտեղ կհանգստանամ, բայց այնտեղ փորձությունները վերսկսվեցին։ Ինձ մոտեցավ հյուրանոցի մենեջերը, որն ասաց, թե գիտի, որ ես ապօրինի եմ գտնվում այդտեղ և գումար պահանջեց լռելու դիմաց՝ սպառնալով ոստիկանություն կանչել, և այդ դեպքում ինձ հետ կուղարկեին»։

«Միայն մենեջերին 500 դոլար վճարեցի»,- ասաց նա՝ հավելելով, որ ավելի ուշ իմանում է, որ իրեն այդ գիշեր տեղափոխելու են։

«Նրանք իմ հետևից եկան գիշերը, և ինձ պետք է տանեին [ամերիկյան] սահման։ Ուրիշ մարդիկ էլ կային։ Մեքենան արագ էր սլանում, հասանք ինչ-որ տեղ և ասացին, որ փախնենք,- հիշում է նա։- Մենք վազում էինք, չգիտեմ ուր, սարսափած վազում էինք, ես լացում էի, բոլորն էին լաց լինում»:

«Ես մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու էի գնում այդ ճանապարհով։ Ինչո՞ւ։ Մենք վատ չենք ապրել մեր երկրում»,- ափսոսանքով ասում է Լիլիթը, որը, հասնելով ԱՄՆ սահման, կրկին հայտնվում է անազատության մեջ։

«Երբ հասանք ԱՄՆ սահման, անհասկանալի հույզեր ունեի։ Ուրախ էի, որ եկել եմ, բայց, այնուամենայնիվ, ինձ տանջում էր հարցը՝ ինչու։ Այդ հարցն ինձ տանջում էր նաև ամերիկյան բանտում»։

Այնտեղ նա մնաց խղճուկ վիճակում. բանտում զուգարաններ չկային, և նա ստիպված էր մի քանի օր քնել հատակին, մինչև ամուսինը նրան ազատ արձակեց:

Չնայած երեխաների հետ վերամիավորվելուն՝ Լիլիթն ասում է, որ իրեն թերարժեք է զգում, քանի որ դեռ պետք է աշխատանք գտնի, քանի որ չունի համապատասխան փաստաթղթեր։

«Ես Հայաստանում կայացած մասնագետ էի, առաջատար կոսմետոլոգ։ Չկա մի օր, որ չմեղադրեմ ամուսնուս, որ ինձ ստիպեց գնալ այս ճանապարհով»:

«Ես վախենում եմ այն մտքից, թե բանտում իմ երեխային ինչ է սպասվում»

Լիլիթը մեկն է այն 2,4 միլիոն մարդկանցից, որոնք 2022-ին փորձել են հարավային սահմանով անօրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ։

Այս թիվն ամեն տարի աճում է մաքսանենգության չարաբաստիկ փորձերի մասին շարունակական լուրերի ֆոնին, փորձեր, որոնք երբեմն հանգեցնում են մահվան:

Նույնիսկ Հայաստանն է փորձում պայքարել դեպի ԱՄՆ և Եվրոպա անօրինական արտագաղթի դեմ։

Անցյալ տարի իրավապահները բացահայտեցին անօրինական արտագաղթ կազմակերպող քաղաքացիների մի ցանց, որը նպաստում էր հայերի արտագաղթին Ամերիկա և Եվրոպա։ Խումբը Արևմուտք տեղափոխվել ցանկացող մարդկանցից ենթադրաբար 20 000-26 000 դոլար է վերցրել աշխատանքային կեղծ փաստաթղթերի համար և դրանք ներկայացրել օտարերկրյա դեսպանատներ և Հայաստանի իշխանություններին:

Այնուամենայնիվ, չնայած անօրինական ներգաղթի հետ կապված ռիսկերին, շատերը դեռ նախընտրում են նմանատիպ ճանապարհորդություններ սկսել և վտանգել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքներին:

Երևանում 42-ամյա Նառան (իրական անունը չէ) իր հերթին է սպասում, որ կարողանա տեղափոխվել Ամերիկա, որպեսզի միանա ամուսնուն և երկու երեխաներին:

«Իմ ընտանիքի պատմությունը դասական օրինակ է. ամուսինս գնաց այնտեղ, տարավ երեխաներիս, և հիմա իմ և երկու տարեկան երեխայիս հերթն է»,- OC Media-ին ասում է նա:

«Մենք իմ փոքրիկին մտածված նախապես չենք ուղարկել։ Ամուսինս որոշեց նրանց թողնել ինձ մոտ, որպեսզի ճանապարհին մեզ խղճան, և մենք կարողանանք հեշտ անցնել սահմանը և երկար չմնանք կալանքի տակ»։

Նառայի պատմությունն առայժմ հենց այստեղ էլ ավարտվում է, քանի որ նրա ամուսնուց ևս մի քանի տարի կպահանջվի բավականաչափ գումար խնայելու համար, որպեսզի կնոջն ու երեխային տեղափոխելու համար կարողանա միջնորդ վարձել, ծրագիր, որի վերաբերյալ Նառան մեծ վերապահումներ ունի:

«Ես վախենում եմ այն մտքից, թե ինչ է սպասվում իմ երեխային բանտում։ Իսկ եթե մեզ այնտեղ վիրավորեն, եթե մեզ սպանեն սահմանն ապօրինի հատելու ժամանակ, կամ եթե նավակը խորտակվի, և մենք խեղդվենք։ Հազարավոր նման պատմությունները կան։ Ես ինձ համար չեմ անհանգստանում, ես ցավում եմ իմ երեխայի համար»,- ասում է նա։

«Հուսով եմ, որ ամուսինս կփոխի միտքը, որպեսզի մենք չանցնենք այս դժոխքի միջով։ Աղաչում եմ Աստծուն, որ նա որոշի վերադառնալ»,- ասում է Նառան:

Մեկնաբանել