Ադրբեջանցի ակտիվիստը ձերբակալվել է Ալիևին քննադատող գրառումից հետո

Ամրահ Թահմազովը․ 2020-ին ընտրակեղծիքների դեմ պաստառ է պարզել: Լուսանկարը՝ Ամրահ Թահմազովի Ֆեյսբուքի էջից։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանցի ակտիվիստ Ամրահ Թահմազովը խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու մեղադրանքով դատապարտվել է 30-օրյա վարչական կալանքի։ Այլ ակտիվիստներ պնդում են, որ նրա ձերբակալությունը կապված է սոցիալական ցանցերում մի գրառման հետ, որն անձամբ վերաբերել է Ադրբեջանի նախագահին։

Թահմազովը ձերբակալվել էր մայիսի 27-ին, սակայն նրա ձերբակալությունը հանրությանը հայտնի դարձավ միայն հունիսի 6-ին:

Համաձայն սոցցանցերում այլ ակտիվիստների հրապարակումների՝ Թահմազովի ձերբակալությունը կապված է մայիսի 16-ին նրա ֆեյսբուքյան գրառման հետ, որը նախագահ Իլհամ Ալիևին կոչ էր անում ազատ արձակել Ալիզամին Սալաևին։ Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Սալաևը կալանավորվել է փետրվարի 7-ին, իսկ մայիսի 22-ին դատապարտվել չորս տարվա ազատազրկման:

«Ամոթ քեզ, Իլհամ Ալիև։ Ազատի՛ր բանտարկյալին։ Մարդկանց ուժասպառ ես արել, բոլորին զզվեցրել ես։ Ազատի՛ր Ալիզամին Սալաևին։ Թույլ տուր ապրենք»,- գրել է Թահմազովը։

Գրառումը, որը տեսել է OC Media-ն, այնուհետ հանվել է:

Թահմազովի ձերբակալության մասին տեղեկությունն առաջինը հրապարակել են ադրբեջանցի ակտիվիստները, այդ թվում՝ Գիյաս Իբրահիմը, որը գրել է, որ մայիսի 27-ից ի վեր նրանից ոչինչ չի լսել։

«Վերջին անգամ նա հանդիպեց ինձ այդ օրը։ Մի քանի օր զանգեր ու լուրեր չկային։ Այսօր ես լսեցի, որ տասն օր առաջ Ամրահը դատապարտվել է 30 օրվա վարչական ազատազրկման»,- գրել է Իբրահիմը։

Թահմազովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան OC Media-ին հաստատել է, որ մայիսի 27-ին Թահմազովին տարել են Սաբաիլի շրջանի ոստիկանական բաժանմունք և այնտեղ պահել երկու օր։

Սադիգովան ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել մանր խուլիգանության և ոստիկանի հրամաններին չենթարկվելու համար, իսկ նրա հեռախոսը ոստիկանն առգրավվել է։

Մայիսի 19-ին Թահմազովը Ֆեյսբուքում գրել է, որ ոստիկանությունը եկել է իր տուն, երբ ինքը տանը չի եղել, և հարցրել է, թե արդյոք ինքը տարածքում է, և հեռացել է այն բանից հետո, երբ նրան ասել են, որ ինքն այլ տեղ է:

«Դա հավանաբար այն գրառման պատճառով է, որ ես արել եմ Զամին Սալաևի համար՝ այդ օրը սլաքն ուղղելով Իլհամ Ալիևին։ Չեմ սիրում չափազանցնել, բայց եթե ձերբակալում են, ամենայն հավանականությամբ, ֆեյսբուքյան իմ գրառման պատճառով է»,- գրել է Թահմազովը։

Ներքին գործերի նախարարության խոսնակը ադրբեջանական «Թուրան» անկախ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Թահմազովի կալանավորումը կապված չէ սոցիալական ցանցերում նրա գրառումների հետ, և որ նա կալանավորվել է խուլիգանության համար:

Մեկնաբանել