ԱՄՆ-ն չի կարող հստակ ամսաթիվ նշել՝ երբ է կայանալու հայ-ադրբեջանական հետաձգված հանդիպումը

Լուսանկարը՝ արխիվային․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2023-ի մայիսի 1-ին Վաշինգտոնում հյուրընկալում է իր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին

Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը։ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման վերաբերյալ «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Ակնկալում ենք հյուրընկալել բանակցությունների ևս մեկ փուլ, քանի որ կողմերը շարունակում են հետամուտ լինել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագային: Խնդիրների կարգավորման, տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է»,- ասված է ԱՄՆ պետքարտողարության պատասխանում:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը։ Հանդիպումը նախատեսված էր հունիսի 12-ին։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել նաև մայիսի 19-ին Մոսկվայում։

Մեկնաբանել