Բավական է Հայաստանին դաստիարակեն սկզբունքներով, որոնք իրենք չեն կիրառում. Տ.Կարապետյան

«Ժողովրդական» կուսակցությունը հայ սպային քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի և ներման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ գազանաբար կատարած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան, այլև, ի խախտումն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, անմիջապես ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահ Ալիեւի որոշմամբ։ Այս իրադարձությունն անշուշտ ծանր քաղաքական, բարոյական հարված է Հայաստանին և հայ ժողովրդին: Ադրբեջանը խախտել է ոչ միայն Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983 թվականի Ստրասբուրգի կոնվենցիան, այլև իր ներքին օրենսդրությունը, որի արդյունքում անօրինական ազատության մեջ է հայտնվել ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպանը: Ժողովրդական կուսակցությունը դատապարտում է ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և նրան ներում շնորհելու փաստը։ Հորդորում և պահանջում է ՀՀ ղեկավարությանը դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ, ճանաչել Արցախի անկախությունը: Աշխարհը, Հունգարիան, ՆԱՏՕ-ն և Եվրոպական միությունը պետք է վերջապես հասկանան՝ բավական է Հայաստանին դաստիարակեն սկզբունքներով, որոնք իրենք չեն կիրառում»:

Մեկնաբանել