Ռախոյը խնայում է թոշակներն ու իրեն

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հրաժարվել է դիտարկել բյուջեի ծախսային մասի կրճատման հնարավորությունը, ինչը պահանջում է միջազգային վարկատուների եռյակը։ «Ես չեմ կարող թույլ տալ, որ մեզ ցուցումներ տան՝ որ ոլորտում է անհրաժեշտ կրճատումներ կատարել, որում՝ ոչ։ Ոլորտներից մեկը, որտեղ ես կրճատումների չեմ գնա, կենսաթոշակային է»,– ասել է վարչապետը։

Ռախոյը հայտարարել է նաև, որ երկրի իշխանությունները դեմ են ֆինանսական աջակցության համար միջազգային դոնորներին դիմելուն։ Վարչապետը նշել է, որ այս հարցում դեռևս վերջակետ չի դրվել, և կառավարությունն ակտիվորեն աշխատում է իրավիճակի վերլուծության, ինչպես նաև վարկեր ներգրավելու հնարավորության ուղղությամբ։ Մադրիդի նման զգուշավոր դիրքորոշումը ըստ էության պայմանավորված է ազգային տնտեսության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու մտավախությամբ, ինչպես նաև միջազգային դոնորների եռյակի կողմից առաջարկվող պարտավորություններով։

Նշենք, որ 2012թ. առաջին կիսամյակում Իսպանիայի պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է €48,6 մլրդ (ՀՆԱ-ի 4,6%-ը)։ Իսպանիան խնդիրներ ունի նաև բանկային համակարգում։ Հիմնական խնդիրը, այդուհանդերձ, շարունակում է մնալ գործազրկությունը, որը երկրում գերազանցում է 25%-ը։