Միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն և ռասիզմ հովանավորող Թուրքիայի հետ. Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում արած հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին:

Շարմազանովի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան և միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատում և դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդկային և անբարո քայլը, Թուրքիայի վարչապետը սատար է կանգնում Ադրբեջանին և հրապարակավ հայտարարում դրա մասին:

Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն և ռասիզմ հովանավորող երկրի հետ:

Սրանից պարզ է դառնում, թե ինչու է ոճրագործ Սաֆարովը տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքները սովորել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմաբազաներում:

Թուրքիան և Ադրբեջանը, կարծում եմ, չեն մոռացել, որ չնայած Արցախյան հերոսամարտի տարիներին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական և ֆինանսական լուրջ օժանդակությանը` արցախահայությունը հաղթանակեց այդ պատերազմում` ապացուցելով ազատ և անկախ ապրելու, սեփական ժողովրդի ճակատագիրը միանձնյա տնօրինելու իր վճռականությունը»: