Այսօր Վ. Համբարձումյանի ծննդյան օրն է և Հայաստանում` Աստղագիտության օրը

Այսօր աշխարհահռչակ հայ աստղագետ, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: Այս օրը նշվում է նաև Հայաստանում որպես Աստղագիտության օր` կառավարության 2009թ. հունվարի 8-ի որոշմամբ:

Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908թ. սեպտեմբերի 5(18)-ին։ 1928թ. ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ. եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: Եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, այնուհետև նախագահ, 1994–96 թթ.՝ պատվավոր նախագահ: 1946թ. հիմնադրել և մինչև 1988թ. ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանը:

Ակադեմիկոսը վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին։ Հուղարկավորված է Բյուրականում` Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը:

Վիկտոր Համբարձումյանը տեսական աստղաֆիզիկայի խորհրդային և հայկական դպրոցների հիմնադիրն է: Նա բացատրել է լույսի միջաստղային կլանումը, առաջարկել ինվարիանտության սկզբունքը և դրա հիման վրա ստեղծել պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը, հայտնագործել է աստղասփյուռները, գալակտիկաների կորիզների ակտիվությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին` ժամը 18:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Վիկտոր Համաբարձումյանի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

Մեկնաբանել