Արդարադատության խորհուրդը քննարկել է դատավորների թեկնածության հարցը

Արդարադատության խորհրդի նիստը սեպտեմբերի 14-ին քննարկել է դատավորի թեկնածու Նելլի Աշրաֆյանի` ՀՀ արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը: Ինչպես հաղորդում Հայաստանի դատական համակարգի լրատվական ծառայությունից, խորհուրդը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 3-րդ մասով և 123-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, որոշել է դիմել ՀՀ նախագահին` Նելլի Աշրաֆյանին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու առաջարկությամբ:

Բացի այդ` խորհուրդը, քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշել է հավանություն տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Մեխակ Գևորգյանի և Հովհաննես Ղազարյանի թեկնածություններին և ներկայացնել Հայաստանի նախագահին` համապատասխան պաշտոնում նշանակելու համար։

Մեկնաբանել