Կարեն Շահնազարովի ֆիլմն «Օսկարի» հավակնորդ է

Ռուսաստանը Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմն առաջադրել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի: «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանն այս մասին տեղեկացրել է Վլադիմիր Մենշովը՝ «Օսկարին» հավակնող ռուսական ֆիլմերի ընտրության հանձնաժողովի նախագահը:

Շահնազարովի ֆիլմն ընտրվել է քվեարկության արդյունքում: Այն կարող է մասնակցել մրցանակաբաշխությանը «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, սակայն ֆիլմը պետք է հաստատվի նաև ամերիկյան կինոակադեմիայի կողմից: 

Կարեն Շահնազարովի ֆիլմի հիմքում պատմաբան և գրող Իլյա Բոյաշովի «Տանկիստ կամ «Սպիտակ վագր»» պատմվածքն է:  Սովետական բանակի սերժանտ Իվան Նայդյոնովը, հրաշքով փրկվելով վառվող տանկից, կենաց ու մահու մարտի է բռնվում գերմանական ուրվական-տանկի`«Սպիտակ վագրի» հետ:

Ֆիլմի նկարահանումները 3,5 ամիս են տևել: Մարտական տեսարանների մեծ մասը «կենդանի» է նկարահանվել` առանց համակարգչային գրաֆիկայի օգտագործման: Կինոնկարի բյուջեն 11 մլն դոլար է կազմել:

Ռեժիսորն իր ֆիլմի ժանրը որակել է իբրև «պատերազմի իրականության մեջ ընկղմված ֆանտաստիկա և միստիկա»: «Սպիտակ վագրը» Շահնազարովի պատերազմին նվիրված առաջին աշխատանքն է:

«Օսկար» մրցանակի հավակնորդների ամբողջական ցուցակը կհրապարակվի 2013-ի հունվարի 10-ին: Արդեն հայտնի է, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կարող են ընդգրկվել նաև Օլիվյե Նակաշի և Էրիկ Տոլեդանոյի «1+1», Կիմ Կի Դուկի «Պիետա», Միխայել Հանեկեի «Սեր», Քրիստիան Մունջուի «Բլուրներից այն կողմ» և Միխայիլ Իլյենկոյի «Նա, ով անցել է կրակի միջով» ֆիլմերը: